«Փախստականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հանդես է եկել հայտարարություն-հիշեցմամբ՝ ուղղված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: NEWS.am-ում ստացված հայտարարության տեքստում նշվում է, որ Բաքվի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների եւ քրեական տարրերի կողմից իրագործված ցեղասպան գործողությունների 20-ամյա տարելիցի նախօրեին հարկ ենք համարում արձանագրել, որ 1988թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նենգափոխվել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտվությամբ ու ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների քաղաքական անսկզբունքայնության արդյունքում:
«Այս նենգափոխության հետեւանքով բանակցային գործընթացը որպես ցանկալի վերջնարդյունք դիտարկում է ոչ թե ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով ԼՂ քաղաքական հիմնախնդրի պատերազմական ճանապարհով լուծելու ցանկությունը, այլ` ադրբեջանական ագրեսիայից արցախահայության պաշտպանվելու իրավունքից օգտվելու փաստի դատապարտումը:
Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները ԼՂ հիմնախնդրին վերաբերող բոլոր բանակցությունների, պաշտոնական եւ ոչ պաշտոնական զրույցների ընթացքում պաշտպանեն հետեւյալ դրույթները.
-ԼՂ հիմնախնդրի առաջացման պատճառը այդ տարածաշրջանի կամայական բռնակցումն էր Ադրբեջանական ԽՍՀ-ին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո, 1920-1921թթ. եւ դրան հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի հայ ազգաբնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների վարած խտրական քաղաքականությունն ու բռնաճնշումները,
-1988թ. փետրվարի 20-ին արցախահայությունը ԼՂԻՄ-ի ենթակայության խնդիրը բարձրացրել էր բացառապես քաղաքական հարթության վրա: Ադրբեջանի իշխանությունները այս գործելակերպին պատասխանեցին Սումգայիթյան ցեղասպան գործողությամբ եւ Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում հայ բնակչության էթնիկ զտումներով, ինչի արդյունքում մինչեւ 1990թ. հունվարի 19-ը ավելի քան կես միլիոն հայեր դարձան փախստական եւ վտարվեցին Ադրբեջանից,
-1991թ. Ադրբեջանը դիմեց պատերազմական գործողությունների՝ ընդդեմ արտաքին աշխարհից կտրված, կղզիացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ` հայեր եւ ադրբեջանցիներ, ստիպված էին լքել իրենց նախկին բնակության վայրերը,
-պատերազմն Ադրբեջանի համար ունեցավ անփառունակ ավարտ` այդ երկիրը ռազմական պարտություն կրեց: Քաղաքական խնդիրը բռնությամբ լուծելու Ադրբեջանի ձգտումը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի, մեծագույն ավերածությունների, իսկ ավելի քան 1,2 միլիոն մարդու դարձրեց փախստական եւ բռնի տեղահանված:
Ցանկանում ենք հիշեցնել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որ.
-ԼՂ հիմնախնդիրն այսօր այլեւս չի սահմանափակվում միայն Արցախի միջազգային ճանաչումով, այն էլ` ԼՂԻՄ-ի սահմաններում,
-հայերի հանդեպ էթնիկ զտումներ ու բռնություններ իրագործվել են ոչ միայն ԼՂ-ի տարածքում (ինչպես հայտարարում է ՀՀ ԱԳ նախարարը), այլ` Ադրբեջանի ողջ տարածքում,
-ՀՀ-ն արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը կանխելու նպատակով իրավունք ուներ միջամտել իրադարձություններին թե´ քաղաքական, թե´ ռազմական քայլերի դիմելու միջոցով,
-տեղի ունեցածի համար պատասխանատու են ոչ միայն Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները, այլեւ ողջ ժողովուրդը, որը պատասխանատվություն է կրում սեփական իշխանությունների գործողությունների համար,
-էթնիկ զտումներ եւ պատերազմական գործողություններ նախաձեռնած Ադրբեջանական Հանրապետությունը պետք է փոխհատուցում տա Հայաստանին, Արցախին եւ ադրբեջանահայությանը՝ հասցված բոլոր վնասների համար»:




























