Հունվարի 12-ին 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն սկսել է մի շարք տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը: Հիշեցնենք, որ վերահաշվարկի պահանջի 11 դիմում է ներկայացվել Արա Սիմոնյանի կողմից, եւ 2 դիմում` Նիկոլ Փաշինյանի շտաբից կողմից:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովը որոշել է վերահաշվարկն սկսել այն տեղամասերից, որոնք ներկայացվել են Փաշինյանի վստահված անձանց կողմից և հատկապես թիվ 10/7 ընտրական տեղամասից` հաշվի առնելով, որ այս տեղամասի քվեարկության արդյունքները պահանջել են վերահաշվարկել երկու թեկնածուներն էլ: Այս հանգամանքը վրդովմունք է առաջացրել և բողոքի առիթ հանդիսացել Փաշինյանի վստահված անձանց կողմից, մասնավորապես Հայկազ Մխիթարյանի, ով նշել է, թե վերահաշվարկի պահանջի մասին դիմումները դիտավորյալ ներկայացվել են ուշացումով, որպեսզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սահմանված ժամկետում չհասցնի վերահաշվարկ իրականացնել Փաշինյանի կողմնակիցների ներկայացրած տեղամասերում:

Այդուհանդերձ, թիվ 10/7, 10/14 և 10/30 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքում պատկերը հետևյալն է.

- անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով, Դավիթ Հակոբյանին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն ավելացել է 1-ով, Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն ավելացել է 4-ով, վավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, անճշտությունների չափը` 12-ով, այսինքն` քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Այսօր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը շարունակելու է իրականացնել քվեարկության արդյունքների վերահաշվարկը: