Այսօր «Հայռուսգազարդ» ընկերությունում ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է նաեւ բնական գազի սակագնի վերանայման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) դիմելու հարցը: Ինչպես NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց ընկերության մամուլի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը, «Հայռուսգազարդում» այդ խնդիրը քննարկման ու վերլուծությունների փուլում է եւ դեռ հստակեցված չէ, թե ինչ սակագնի առաջարկ է անելու ընկերությունը համապատասխան հանձնաժողովին: Բայց որ սակագնի վերանայման հարցով «Հայռուսգազարդը» առաջիկայում դիմելու է ՀԾԿՀ-ին, դա կասկածից դուրս է:

Խորհրդակցության ընթացքում «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշել է, որ 2010-ի համար իրենք կարեւորում են հատկապես «Հրազդան 5»-ի շինարարարության ավարտի ծրագիրը: Ընկերությունն ակնկալում է, որ այս տարվա ընթացքում բավականին լուրջ վարկային ռեսուրսներ կունենա` իր առջև դրված խնդիրները լուծելու և ռազմավարական ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար:

Ինչ վերաբերում է անցած 2009 թվականին, Կ. Կարապետյանը ընկերության ստորաբաժանումներին հանձնարարել է ամփոփել և պատրաստել 2009 թ. հաշվետվությունները, մասնավորապես՝ ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազիֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման և այլ ծրագրերի ուղղությամբ, ինչպես նաև` ներկայացնել 2010 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական հոսքերի կանխատեսումները: