Կիեւի վերաքննիչ դատարանը, քննելով 1932-33 թթ. «Գոլոդոմորի» գործը, մի ամբողջ խումբ խորհրդային ղեկավարների մեղավոր է ճանաչել ուկրաինական ժողովրդի ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Ունիան»-ը, դատարանը հաստատել է Անվտանգության ծառայության քննիչների եզրակացությունները եւ մեղավոր է ճանաչել այնպիսի խորհրդային գործիչների, ինչպիսիք են Իոսիֆ Ստալինը, Լազար Կագանովիչը, Վյաչեսլավ Մոլոտովը, Ուկրաինայի կոմկուսի ղեկավար Ստանիսլավ Կոսիորը եւ Խորհրդային Ուկրաինայի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլաս Չուբարը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտինա Նալիվայչենկոյի խոսքով, 1932-33 թթ. «Գոլոդոմորի» արդյունքում մահացածների, ինչպես նաեւ նրանց չծնված սերունդների քանակը կազմում է 10 միլիոն 63 հազար մարդ, որից 91,2 տոկոսը ուկրաինացիներ են:

Միաժամանակ դատարանը փակել է քրեական գործը, քանի որ հիմնական մեղավորներից ոչ ոք կենդանի չէ: Երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պատմական է: «Այդ որոշումը վերականգնում է պատմական արդարությունը եւ հնարավորություն է տալիս Ուկրաինան կառուցել արդար եւ ժողովրդավարական հիմքի վրա»,- ընդգծել է նա: