Ռուսաստանն ու Թուրքիան գարնանը կարող են որոշում կայացնել երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը վերացնելու մասին: Այս մասին հունվարի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք ձեռնամուխ ենք եղել վիզային ռեժիմը վերացնելու աշխատանքներին»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը կավարտվի նախքան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Թուրքիա, որը ըստ Էրդողանի, հնարավոր է կայանա մայիս-հունիս ամիսներին:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ կողմերը պայմանավորվել են գործընթաց սկսելու շուրջ, որը պետք է ավարտվի առանց վիզային ռեժիմի քաղաքացիների փոխայցելությունների վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր ստորագրելով: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























