Այսօր` հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունենալու Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ջազմեն Գեորգի Գարանյանի հուղարկավորության արարողությունը: Երաժիշտի քաղաքացիական հոգեհանգիստը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 10-ին` Չայկովսկու անվան համերգային դահլիճում: Դրանից հետո սգո թափորը կուղեւորվի Վագանկովյան գերեզմանատուն, որտեղ կկայանա հուղարկավորման ծեսը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին հայտնի դարձավ լեգենդար ջազմենի մահվան մասին: Կրասնոդարում, որտեղ արտիստը ժամանել էր իր նվագախմբի հետ համերգների, նրա սիրտը կանգ էր առել: Գարանյանը 76 տարեկան էր, եւ չնայած պատկառելի տարիքին, նա ոչ միայն շարունակում էր զբաղվել երաժշտությամբ, այլեւ մի քանի նվագախումբ էր ղեկավարում:
Ջազմենի հայտնի նախագծերից էին Մոսկվայի եւ Կրասնոդարի բիգ-բենդերը, որոնք ելույթներ էին ունենում Ռուսաստանի եւ արտասահմանի բազմաթիվ քաղաքներում:




























