Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երեւան: Հունվարի 14-ին Երեւանում նա բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, բանակցությունների հիմնական թեմաները լինելու են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները:
Երկու երկրների ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող փոխհարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքականության, առեւտրի եւ տնտեսության ոլորտներում համագործակցության խնդիրների լայն շրջանակ:
Բանակցություններում առանձին թեմա է լինելու ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների շարունակումը Ռուսաստանի կողմից նախաձեռնվող միջնորդական ջանքերի համատեքստում:
Հիշեցնենք, որ նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մոսկվայում նա հանդիպել է երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների արդյունքում կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել էներգետիկ համագործակցության, մասնավորապես՝ Թուրքիայում համատեղ ատոմակայան կառուցելու վերաբերյալ, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ, որը կիրականացվի արդեն գարնանը:




























