Էներգետիկ գագաթնաժողովը վրացական Բաթում քաղաքում, որ նախատեսված էր հունվարի 14-ին, վերածվել է բարձր մակարդակով էներգետիկ համաժողովի:

Նման տեղեկություն է տարածել, ըստ վրացական ԶԼՄ-ների, Վրաստանի արտգործնախարարությունը, որն էլ համաժողովի կազմակերպիչն է:

Համաժողովին կմասնակցեն մի քանի վարչապետներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այնպիսի երկրներից, ինչպես Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքմենստանը, Ղազախստանը: Հանդիպմանը քննարկվելու են էներգետիկ անվտանգության հարցեր, Հարավային էներգետիկ միջանցքի զարգացման խնդիրներն ու այլ արդիական հարցեր: Միեւնույն ժամանակ Բաթումում սպասում էին Ադրբեջանի, Լիտվայի, Լատվիայի եւ Ուկրաինայի նախագահներին, սակայն նրանցից եւ ոչ մեկը չի կարող ժամանել Վրաստան:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, թե չի գնա համաժողովին հունվարի 17-ին նախատեսված նախագահական ընտրությունների կապակցությամբ: «Ես պետք է լինեմ Ուկրաինայում, շփվեմ ընտրողների հետ»,- ամփոփել է Յուշչենկոն: Ուկրաինայի ղեկավարը նաեւ նշել է, որ իր փոխարեն Վրաստան կմեկնի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռաիսա Բոգատիրյովան:

Մինչ գագաթնաժողովի բացումը Թբիլիսիում կայացել է աշխատանքային խմբերի հանդիպում, որը երկրների ղեկավարների համար հուշագիր է պատրաստել, բայց դրանք այժմ չեն ստորագրվի:

Այսպիսով, այսօր Բաթումում մասնագիտական համաժողով է կայանալու, իսկ գագաթնաժողովի անցկացումը երկրների ղեկավարների մասնակցությամբ ավելի ուշ կլինի:

Ադրբեջանի եւ Լեհաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Լեխ Կաչինսկին, որոնք եւս ծրագրում էին մասնակցել գագաթնաժողովին, միջոցառման հետաձգմանը ըմբռնումով են մոտեցել, հայտնում է Գրուզիա սեգոդնյա" գործակալությունը: