«Հայ-թուրքական արձանագրություններով սահմանների ճանաչումն ամրագրված չէ եւ սահմանների դեմարկացիայի դեպքում Հայաստանն ու Թուրքիան պետք է նոր պայմանագիր կնքեն: Ես այդպես եմ հասկանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, սակայն մինչ այդ նա հայտարարել էր, թե անընդունելի է, որ ներկա սահմանների ճանաչման մասին դրույթը ներառվել է հայ-թուրքական արձանագրություններում:

Այնուհետեւ անդրադառնալով Կարսի պայմանագրին, նա նշեց, որ Հայաստանը հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը, հետեւաբար ընդունում է բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ պետության կողմից, այդ թվում՝ նաեւ Կարսի պայմանագիրը: Սակայն քիչ անց, նա իր տեսակետին հակասող միտք հայտնեց, նշելով, որ քանի որ Կարսի պայմանագրին հաջորդել են այլ պայմանագրեր, որոնք կնքվել են Թուրքիայի եւ ԽՍՀՄ-ի կողմից` սահմանների վերաբերյալ, ուստի Կարսի պայմանագրի ուժի մեջ լինելու մասին հարցը դառնում է իմաստազուրկ: «եթե այդ պայմանագիրն ուժի մեջ լիներ, կարիք չէր լինի հայ-թուրքական արձանագրություններում ներառել սահմանների ճանաչման հարցը»,- ասաց նա:

Իսկ ահա ՍԴ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը բոլորովին այլ կարծիքի էր Հայաստանի ԽՍՀՄ իրավահաջորդ լինելու մասին: Նա նշեց, որ անկախանալուց հետո Հայաստանը գործել է «տաբուլա ռասա» (մաքուր տախտակ) սկզբունքով, այսինքն ճանաչել է միայն այն պայմանագրերը, որոնք անձամբ ինքն է ստորագրել, այսինքն իր հարաբերությունները սկսել է մաքուր էջից: «Այսինքն իրավական առումով Հայաստանը պարտավորված չէ ընդունել Կարսի պայմանագիրը, քանի որ դրա տակ իր ստորագրությունը չկա»,- ընդգծեց նա: