Ադրբեջանի նախագահի Ամանորյա ուղերձում ռազմաշունչ հայտարարությունները ցույց են տալիս, որ 2010 թվականին էլ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջումների եւ շարունակում է սպառնալիք մնալ ԼՂ ժողովրդի անվտանգության համար: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Չեմ կարծում, որ որեւէ մեկին հաճելի է, երբ իր երկրին անվանում են սպառնալիքների չեմպիոն, ինչպես դա արեց վերջերս ԼՂ հիմնահարցի հեղինակավոր փորձագետներից մեկը, որը հենց այդպես էլ անվանեց Ադրբեջանին: Կարծեմ, որ Հեյդար Ալիեւն էլ, Էլչիբեյն էլ, երբ սկսում էին ագրեսիան Ղարաբաղի դեմ, կարծում էին, որ ադրբեջանական բանակն այնքան հզոր է, որ կիրականացնի այն բոլոր խնդիրները, որ իրենք դրել էին բանակի առջեւ: Հետեւանքները հայտնի են: Բոլոր դեպքերում այդպիսի հայտարարությունները, սպառնալիքները չեն կարող տպավորել կամ վախեցնել Հայաստանին, կամ էլ Արցախին: Իսկ թե, որեւէ երկրի նախագահ ինչ է ասում ամանորյա ուղերձում իր ժողովրդին` ոգեւորելու կամ տրամադրությունը բարձրացնելու կամ տպավորելու համար, դա արդեն ուրիշ ոլորտից է, որին ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Ալիեւի մեկ այլ հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ԼՂ խնդիրը հենց այդ սկզբունքով պետք է լուծվի, նախարարն արձագանքել է. «Միջնորդների մոտեցումների մասին ադրբեջանական երեւակայությունները լսելու փոխարեն, պետք է հետեւել, թե ինչ են հայտարարում հենց իրենք՝ միջնորդ երկրները: Իսկ ինչ են ասում միջնորդ երկրները, այն՝ ինչ ասում է Հայաստանը. Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, հատկապես, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Դրա մասին է ասում, նաեւ այն հայտարարությունը, որն ընդունվել էր Աթենքում, ԵԱՀԿ անդամ 56 երկրների կողմից, որտեղ հենց այս սկզբունքների մասին է խոսքը գնում:

Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է կանխորոշել բանակցությունների եւ այս գործընթացի արդյունքը, այսինքն՝ Ղարաբաղի ինքնորոշման, Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իսկ ԼՂ կարգավիճակը հենց այն հարցն է, որը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Դրա մասին է ասված նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների լ’Աքվիլայի հայտարարությունից անմիջապես հետո հրապարակված մադրիդյան սկզբունքների որոշ մանրամասներում: Ինչ է դա նշանակում. որ հակառակ Բաքվի պնդումներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Արցախի ժողովրդի ձեռքում: Ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Եթե այդպես չլիներ, մենք այսօր չէինք ունենա ՄԱԿ-ի անդամ 192 պետություն, այլ կունենայինք ընդամենը 51 երկիր` ինչպես միջազգային այդ կառույցի հիմնադրման ժամանակ էր: Հենց այս սկզբունքի կիրառման արդյունքում է, որ ՄԱԿ-ում ունենք այս պատկերը»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Աթենքում առաջին անգամ Հայաստանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ԼՂ խնդիրը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը նշանակում է, թե դրանով Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է ԼՂՀ-ի` երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար, Է. Նալբանդյանը պատասխանեց.

«Գիտեք՝ այս կամ այն փաստաթղթի մասին խոսելիս տպավորություն է ստեղծվում, որ տարբեր փաստաթղթերի մասին ենք խոսում: Մեկ-մեկ մեկնաբանություններ ենք լսում, եւ տպավորություն է ստեղծվում, որ փաստաթղթերը կամ չեն կարդացել, կամ՝ ուշադիր չեն կարդացել, կամ էլ կարդացել են, եւ միտումնավոր փորձում են այլ բովանդակություն հաղորդել դրանց: Ի՞նչ հակափաստարկ կարելի է տալ պնդողներին, թե մածունը սեւ է: Միգուցե իրենց սկսենք բացատրել մածունի պատրաստման տեխնոլոգիան: Հատկապես, որ այդ ընդդիմախոսները որեւէ բանով կաշկանդված չեն՝ բանակցություններ չեն վարում, ոչ մի տեղ ոչ ոքի չեն ներկայացնում, նստած ասում են` մածունը սեւ է: Այնպես որ՝ կան փաստարկներ, կան հակափաստարկներ, բայց կա նաեւ օբյեկտիվ իրողություն:

Սա առաջին անգամ է, որ ինքնորոշման իրավունքը գրանցվեց այսպիսի հայտարարության մեջ, եւ որի տակ կա նաեւ Ադրբեջանի անունը: Եթե մինչեւ այդ Ադրբեջանը խուսափում էր օգտագործել, կամ չէր ցանկանում թույլ տալ, որ որեւիցե փաստաթղթի մեջ որեւէ կերպ նշված լինի ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ինքը ստորագրած լինի այդ փաստաթղթի տակ, ապա այստեղ եղավ: Ոչ միայն 56 երկրների կողմից, այլ նաեւ 5 նախարարների հայտարարության մեջ` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի:

Մեկ բան էլ ասեմ. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի ինքնորոշման հետ: Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը անկախ պետություն չէր, Խորհրդային Ադրբեջան էր: Եւ հիշեցնեմ, որ 1999 թ. Եվրախորհրդարանը ընդունեց մի հայտարարություն, որտեղ ասվում էր փաստորեն այն, որ Ադրբեջանը անկախացել է այնպես, ինչպես որ անկախացել է Ղարաբաղը. նույնանման հռչակագրով, նույն ձեւով: Նայեք այդ հայտարարությունը եւ կտեսնեք: Աթենքում առաջին անգամ ԵԱՀԿ նախարարների խորհուրդն ամրագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»:

Դիտարկմանը, թե կանխատեսումներ կան, որ 2010 թ. միջազգային հանրության կողմից փորձ կարվի ակտիվացնել ԼՂ խնդրի լուծման գործընթացը, հատկապես, որ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Ստեփանակերտում հայտարարել է, թե Ամերիկայի անունից ինքը խոստանում է ակտիվացնել այդ գործընթացը, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է.

«Ես չգիտեմ Բրադկեն, ինչ է հայտարարել այսօր Ստեփանակերտում, բայց երեկ հանդիպել եմ իրեն այստեղ` Երեւանում, եւ գիտեմ՝ իր մոտեցումները համընկնում են մեր մոտեցումների հետ: 2009թ. բավականին ինտենսիվ, ակտիվ գործընթացի տարի է եղել: Եվ կարեւորն այն է, որ պահպանենք այն դրական դինամիկան, որ եղել է անցյալ տարի: Արհեստական արագացում հաղորդելու մեջ ես որեւիցե իմաստ չեմ տեսնում: Եւ, կարծեմ, բոլորն էլ կիսում են այդ կարծիքը:

2009թ. բանակցային գործընթացի գլխավոր ձեռքբերումը հենց այդ դրական դինամիկան էր: Եթե 9 անգամ հանդիպում են նախագահները, արդյո՞ք դա դրական դինամիկա չէ: Եթե Ադրբեջանը ամիսներ, տարիներ շարունակ սպառնալիքներով է խոսում, խոսում է հնարավոր պատերազմի մասին, եւ նույն Աթենքի, Հելսինկիի հայտարարություններում, Մոսկվայի հռչակագրում եւ այլ փաստաթղթերում ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարեւորության հետ է համաձայնվում, դա մի՞թե դրական միտում չէ: Մի՞թե դրական միտում չէ, որ, ինչպես արդեն ասացի, առաջին անգամ ամրագրվեց նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը»։