Փրկարարները հայտնաբերել են Լիբանանի ափերի մոտ Ethiopian Airlines ընկերության Boeing-737 ինքնաթիռի վթարման արդյունքում զոհված 14 անձանց դիակները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարին:

Ինքնաթիռում եղել են 91 հոգի, ներառյալ՝ անձնակազմի 8 անդամները: Ուղեւորներից 54-ը լիբանանցիներ են, 22 եթովպացի, 2 բրիտանացի, մեկ ռուսաստանցի, կանադացի, ֆրանսիացի, սիրիացի եւ իրաքցի:

Ընկերությունը, որին պատկանում է կործանված ինքնաթիռը, հայտարարել է, թե տեղեկություններ չկան փրկվածների մասին:

«Ես կապի մեջ եմ Լիբանանի իշխանությունների հետ, որոնք դեռ չեն հաստատում վթարի հետեւանքով փրկվածների մասին լուրը»,- ըստ Գազետա.ռու-ի՝ հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Որոնողա-փրկարարական աշխատանքները իրականացվում են Նաամեղտ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա:

Ինքնաթիռի կործանման պատճառը, ըստ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, դժվար թե ահաբեկչությունը լինի: Մասնագետները չեն բացառում, որ պատճառը կայծակն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-737 ինքնաթիռը, որը Բեյրութ-Ադիս Աբեբա չվերթն էր կատարում, հունվարի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Միջերկրական ծովում:

Ինքնաթիռը, որում եղել են 92 մարդ, այդ թվում օդանավի անձնակազմը, անհետացել է ռադարների տեսադաշտից թռիչքից մի քանի րոպե անց: Հաղորդում է Reuters-ը: Ամենայն հավանականությամբ, ինթնաթիռն այրվել է օդում: Ականատեսների վկայությամբ, իրենք տեսել են այրվող ինքնաթիռը եւ ջրի տակից առկայծող կրակի բոցեր: