Չարժե, որ Հայաստանը հարեւան երկրներին ցուցադրի, իբր ազգային հարցերը արտաքին քաղաքականության փոխհարաբերությունների մեջ երկրորդական դեր են գրավում։ Նման կարծիքով NEWS.am-ի թղթակցի հետ կիսվել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը։
Նրա կարծիքով, Հայաստանը պիտի հստակեցնի այն , որ երկրի ազգային շահերը Վրաստանի հետ փոխհարաբերություններում առաջնային են մնում։ Տվյալ պարագայում, ազգային շահերի մեջ է մտնում Վրաստանում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության հարցը ։ «Մի կողմից Վրաստանը ինչ-ինչ հարցերում կարող է մեզ ընդառաջել, մյուս կողմից կարող է ակտիվացնել Ջավախքի հայերի նկատմամբ հետապնդումները։ Շիրակ Թորոսյանին Վրաստանի սահմանն անցնել չեն թողել, չի թուլատրվում Ջավախք տանել եկեղեցու պատմության գրքեր և այլն»։
Պատմաբանը կարծում է, որ հայկական կողմը պիտի գիտակցի, թե ինչ է դրված կշեռքի նժարներին և պետք էն բարձրացնի այդ հարցերը։ Իր կարծիքով, տնտեսական հարցերը չպետք է վեր դասվեն ազգային շահերից։ «Հայաստանը բոլոր հարցերը պետք է ներկայացնի ընդհանրացված, մեկ փաթեթով, հաշվի առնելով նաև Ջավախքի հայության իրավուքների պաշտպանության հարցը։ Տնտեսական հարաբերությունները, անկասկած, կարեւոր են Հայաստանի համար, իսկ Վերին Լարս անցակետի բացումը չափազանց շահավետ, սակայն չարժե հարեւաներին ցուցադրել, թե ազգային հարցերը մեզ համար երկրորդական են»,- նշել է Վարդանյանը։
Նա նաև ասել է, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները պետք է ընթանան անկախ Վրաստան-Ռուսաստան բարդ փոխհարաբերություններից։ Եթե մենք փորձենք ներմուծել միջնորդական քաղաքականություն՝ կտուժենք։ Հայ-վրացական հարաբերությունները պետք է զարգանան Ռուսաստանի դիրքորոշումից անկախ"։
Նշենք, որ Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հունիսի 24-ին երկօրյա այցով գալիս է Հայաստան։ Ինչպես հայտնել են երկու երկրների արտգործնախարարները, մի շարք հարցերի թվում քննարկվելու է Վերին Լարս ռուս-վրացական անցակետի բացման հարցը, որը Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների հնարավորություն կնձեռի։ Վրաստանի նախագահի այցից մի քանի օր առաջ հայ քաղաքական-հասարակական գործիչ Շիրակ Թորոսյանին չեն թողել անցնել Վրաստանի տարածք։ Վերջինս, հայկական պատվիրակության հետ Վրաստան էր գնում «Նաուման» հիմնադրամի հրավերով։ Պատգամավորը մտադրված է մոտ ապագայում մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների համագործակցությամբ ստեղծել ջավախքահայության իրավունքների պաշտպանության հասարակական միություն։



























