«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է հայտնվել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ասել է թե՝ սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք: Տեղեկացնենք, որ կրկեսի ձիերը պահվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: «Ժողովուրդը», այնուամենայնիվ, փորձեց ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը: «10-ից 10» համալիրի աշխատակից Խորենը թերթի հետ զրույցում համառորեն պնդեց, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր: Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց: Հավելենք, որ նշված ձիարշավարանը պատկանում Է «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ)»,- գրում է «Ժողովուրդը»: