Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարող «Օրինաց երկիր» կուսակցությունը եւս կունենա իր նախընտրական շտաբը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը՝ հավելելով, որ շտաբը ղեկավարելու է ինքը:
«Կուսակցության վարչության նիստ եղավ, որտեղ քննարկվեցին ՕԵԿ-ի մասնակցության ձեւաչափը եւ քարոզչության հետ կապված խնդիրներ, ձեւավորվեց նախընտրական շտաբ, որը ղեկավարելու եմ ես: Սերտորեն համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ, նախատեսում ենք կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի այցեր բոլոր մարզեր, հանդիպումներ, նպատակն է մեր կուսակցության ընկերներին, համակիրներին ներկայացնել կուսակցության դիրքորոշումը, նաեւ լրացուցիչ հնարավորություն է հանդիպել ակտիվի հետ, լսել նրանց առաջարկությունները, դիրքորոշումները»,- ասաց Խաչիկ Հարությունյանը:
ՕԵԿ-ական պատգամավորը նշեց, որ կարեւորում է այս ընտրությունները, քանի որ հնարավորություն է ստեղծվել անցկացնել միջազգային չափանաշներին համապատսխան ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավարը լուրջ մրցակցություն չի տեսնում, իրենք համոզված են Սերժ Սարգսյանի հաղթանակի մեջ եւ իրենց հնարավորություներն ու ուժերն են ներդնելու դրա համար: Խաչիկ Հարությունյանը չի կարծում, թե ընտրակաշառքներ կբաժանվեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























