Մոսկվայի Տրոեկուրովի գերեզմանատանը հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը կայացել է սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) քաղաքացիական հոգեհանգիստը: Այդ առթիվ Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել երկրի եւ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների ամենահեղինակավոր  «օրենքով գողերը», որոնք արդեն հիմա լրջորեն մտածում են նրա իրավահաջորդի մասին:

Հոգեհանգիստը շարունակվել է ամբողջ գիշեր: Դեդ Հասանի մարմինը Բոտկինսկայա հիվանդանոցի փակ դիահերձարանից  ուշ երեկոյան անձնական  թիկնազորի ուղեկցությամբ հասցրել են գերեզմանատուն: Ամեն ինչ ընթացել է հանգուցյալի մերձավորների ուժեղացված հսկողության պայմաններում: Արարողությանը կանայք չեն մասնակցել, գրում է utro.ru-ն:

Օպերատիվ աշխատակիցների տվյալով՝ քրեական հեղինակությանը կհուղարկավորեն Վրաստանում, որտեղ նա ծնվել է: Իսկ Ուսոյանի հուղարկավորման հստակ վայրը խիստ գաղտնի է պահվում: Հուղարկավորման հավանական վայրերից նշվում են նաեւ Կրասնոդարի երկրամասը, Մոսկվան եւ Տոլյատին, գրում է «Իզվեստիան»:

 «Ռուսաստանի քրեական առաջնորդին հողին կհանձնեն եզդիական կրոնական ավանդույթներով:  Առայժմ հայտնի չէ, թե քանի «օրենքով գող» կմասնակցի Դեդ Հասանի հուղարկավորությանը, քանի որ Վրաստանում «օրենքով գողերի» մուտքի արգելք է գործում», - գրում է LifeNews-ը: Ուսոյանի հարազատների մի մասը կտրականապես  դեմ է Վրաստանում հուղարկավորելուն, քանի որ այնտեղ մեծ ծիսակատարություն անցկացնել չի հաջողվի:

Ոստիկանությունում սպասում են քրեական աշխարհում Դեդ Հասանի մահվան արձագանքին: ««Ախպերության» ներսում խուճապ է: Դեդ Հասանի հետեւորդներից շատերը վախենում են իրենց կյանքի համար: Բայց, ավանդոյթի համաձայն, նախքան թաղումը «ռազբորկաներ» չեն սպասվում: Իսկ հետո քայլ կարող է կատարել Դեդ Հասանի «կայսրության ժառանգորդ» «օրենքով գող» Թիմուրի Միրզոեւը՝ նրա ազգականը», - ասել է օպերատիվ աշխատակիցը՝ անունը չհրապարակելու պայմանով:

Շատերին անհանգստացնում են այս աղմկահարույց սպանության հետեւանքները: Մայրաքաղաքի հանցագործ աշխարհի ազդեցիկ գործիչներից մեկի խոսքով՝ հետեւանքները երկու ուղղվածություն կունենան՝ կլանների առաջնորդների սպանություն, միջկլանային պատերազմ եւ ապաթագադրման փորձեր, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Թերթի աղբյուրը նշել է Հասանի հնարավոր իրավահաջորդին. շատ լուրջ դեմք է՝ ազգությամբ քուրդ Շաքրո Մոլոդոյը, որն այժմ պատժաչափն է կորւմ իսպանական բանտում:

Հիշեցնենք, Դեդ Հասանին սպանել են հունվարի 16-ին՝ Պովարսկայա փողոցում ռեստորանից դուրս գալիս: Դիպուկահարը կրակել էր հարեւան շենքի տանիքից, գնդակը դիպել էր քրեական հեղինակության գլխին: Նրան կլինիկական մահվան վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր: Փորձագետտները կարծում են, որ Ուսոյանի սպանությունը կարող է քրեական նոր փոխատեղություններ առաջացնել Ռուսաստանում: