Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է Հայաստանի նախագահական ընտրություններում ապահովել բանակում քվեարկության առավելագույն որակյալ գործընթաց: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ կձեռնարկվեն առավելագույն ջանքեր եւ կկազմակերպվի խիստ հսկողություն, որպեսզի ընտրությունները բանակում անցնեն առանց խախտումների: Հարցին, թե նպատակահարմար չէ՞ր լինի, եթե խախտումները լրիվ բացառելու նպատակով, բանակը հրաժարվեր ընտրություններին մասնակցելուց, նախարարը հիշեցրեց, որ նման նախաձեռնությունը պարզապես կհակասեր Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակությունն արդեն սկսել է ընտրական գործընթացի դիտարկումը: