«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը չի ունենալու ձեւական, ֆորմալ, ուղղահայաց կառուցվածք, լինելու է շատ շարժունակ, նախաձեռնող քարոզարշավ, ինչը կարտացոլվի նաեւ շտաբի կառուցվածքով: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի թեկնածուն նշեց, որ շտաբերի քանակը հընթացս կորոշեն, մի քանի գործող գրասենյակներ կշարունակեն իրենց գործունեությունը, յուրաքանչյուր մարզ եւ քաղաք կունենա իրեն սպասարկող կամավորական խումբը, Րաֆֆի Հովհաննիսյանը կունենա ներկայացուցիչներ, վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում:
Նա տեղեկացրեց, որ կիրակի կլինի շտաբի պաշտոնական նիստը, կհայտարարվեն պատասխանատուների անունները: «Կլինեն կոնկրետ պատասախանտվություն կրող մարդիկ: Քարոզարշավի հիմնական պատասխանատուն ես եմ լինելու, կազմակերպչական մասով պատասխանտուի անունը կհրապարակենք կիրակի օրը»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ինչպես եւ մնացածներինը, կլինի հունվարի 21-ին, Ազատության հրապարակից, կոնկրետ տարածքը ճշտվում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























