Հայկական կողմն առաջիկայում մտադիր է դիմել ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման կոմիտեին: Դիմումը կապված է հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձման եւ ներման գործի հետ:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդարադատության փոխնախարար ԹԵղիշե Կիրակոսյանը, դիմումը հիմնված է ՄԱԿ-ի բոլոր տիպի խտրականությունների կանխման կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա: Կոմիտեի ուշադրությունը հրավիրվելու է հայերի նկատմամբ Ադրբեջանի վարած խտրական քաղաքականության, հայերի նկատմամբ ատելության քարոզի վրա: «Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, նրա փաստացի արդարացումն ու հերոսացումը միջազգային իրավոնքի կոպիտ խախտումներ են»,- ասել է Կիրակոսյանը:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

Սակայն ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: