Երեւանում, այսօր՝ մայիսի 7-ին, մեկնարկել է չորս օրյա տարածաշրջանային աշխատաժողովը՝ նվիրված է Ալբանիայում, Հայաստանում եւ Վրաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության խնդրի արձագանքմանը:
Աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ կառավարությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), որը նպատակ ունի միավորել երեք երկրների՝ երեխաների սնուցման մասնագետների եւ պատասխանատուների ջանքերը՝ վերանայելու ազգային ռազմավարություններն ու ծրագրերը, վերհանելու առկա համակարգային խնդիրները:
‹‹Երեխաների կենսապահովման խնդիրների շարքում առողջության պահպանման եւ սնուցման հարցերն առաջնահերթ են, եւ այս առումով առավել կարեւորվում է վաղ մանկության շրջանը, քանզի հիվանդացության եւ մահացության ռիսկը 0-5 տարեկան հասակում շատ ավելի բարձր է: Այս շրջանում լավագույն առողջապահական խնամքի, համապատասխան սնուցման ապահովումը ենթադրում է կյանքի լավագույն սկզբի երաշխավորում››,-նշել է Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն իր բացման խոսքում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից անցած ամիս հրապարակված «Երեխաների սնուցման բարելավումը. հասանելի առաջնահերթություն գլոբալ առաջընթացի համար» զեկույցի համաձայն՝ աշխարհում շուրջ 165 միլիոն երեխա տառապում է թերաճությունից, ինչը նշանակում է, որ նրանց հասակը տարիքի համեմատ շատ կարճ է:
Զեկույցը հաստատում է նաեւ, որ թերաճության նվազեցման համար առաջնային է ջանքերի կենտրոնացումը հղիության եւ երեխայի կյանքի առաջին երկու տարիների վրա: Երեխաների մոտ թերաճությունը չի նշանակում միայն կարճ հասակ՝ դա նշանակում է նաեւ երեխայի ուղեղի, մտավոր եւ ճանաչողական զարգացման հապաղում, ինչպես նաեւ չափահաս տարիքում աշխատանքային արդյունավետության նվազում:
‹‹Եթե կինը թերսնված է հղիության շրջանում, կամ եթե նրա երեխան թերսնուցված է կյանքի առաջին երկու տարիներին, ապա երեխայի ֆիզիկական եւ մտավոր աճն ու զարգացումը նույնպես ենթակա է հապաղման: Այդ երեխան երբեք չի սովորի, ոչ էլ հասարակության պիտանի անդամ կդառնա, որքան որ կարող էր լինել, եթե պատշաճ սնուցում ստանար վաղ տարիքում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:
Վերջին տվյալների համաձայն՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը Հայաստանում կազմում է 19 տոկոս, Ալբանիայում՝ 16 տոկոս եւ Վրաստանում՝ 11 տոկոս:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության աճի միջազգային չափանիշներով՝ ամբողջ աշխարհում երեխաները (մինչեւ հինգ տարեկան) կարող են իրենց տարիքին համապատասխան հասակ ունենալ այն դեպքում, երբ հղի կանայք պատշաճ բուժօգնություն եւ սնուցում ստանան, իսկ երեխաները՝ օպտիմալ սնուցում ու պատշաճ խնամք: Միեւնույն ժամանակ վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ ամենախոցելի ընտանիքների երեխաների շրջանում թերաճության ցուցանիշներն առավել բարձր են, ինչը հանգեցնում է այն համոզման, որ թերաճությունը վաղ մանկության շրջանում անհավասար պայմանների, այլ ոչ թե ժառանգականության հիմնական նշանն է:
Թերաճությունն ու թերսնուցման այլ ձեւերը կարելի է նվազեցնել աշխարհով մեկ «կյանքի 1000 օրը›› անվանում ստացած հղիության եւ երեխայի կյանքի առաջին երկու տարիներին՝ պարզ եւ ապացուցված մի շարք քայլերի միջոցով: Այս 1000 օրերի ընթացքում պատշաճ սնուցման միջամտությունները վճռական են պտղի եւ երեխայի սնուցման, աճի ու ուղեղի զարգացման բարելավման հարցում: Դրանք հնարավորություն են ստեղծում, ինչը հետագա կյանքում հնարավոր չի լինի: Դա է պատճառը, որ այս շրջանը կոչվում է ‹‹հնարավորության պատուհան»:
‹‹Մենք պետք է քայլեր ձեռնարկենք այս վճռական շրջանում երեխաների լիարժեք աճն ու զարգացումն ապահովելու համար: Աշխարհում կիրառված արդյունավետ միջամտությունների շարքում են՝ հղի մայրերի սնուցման եւ խնամքի բարելավումը, ինչպես նաեւ մանկական հիվանությունների կանխարգելումն ու պատշաճ սնուցումը երեխայի կյանքի առաջին երկու տարիներին: Առաջին վեց ամիսներին բացառապես կրծքով սնուցումը, այնուհետեւ պատշաճ հավելյալ սննդանյութերով հարուստ սննդամթերքի ապահովումը հաջողության գրավականն է››,-շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու Նունե Մանգասարյանը:
Շատ հաճախ թերսնուցումը պատշաճ սնուցման եւ խնամքի հարցում գիտելիքի պակասի արդյունք է: Շատ դեպքերում, մայրերի ու երեխաների սնուցման ու խնամքի մասին պարզ տեղեկատվությունը կարող է վճռական դեր խաղալ պտղի եւ երեխայի պատշաճ աճն ու զարգացումն ապահովելու հարցում:




























