Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նման համոզմունք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին Բրյուսելում՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողն է:

Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվել նախատեսվող աշխատանքները մինչեւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովը:

Իր ելույթում փոխնախարար Մնացականյանը կարեւորել է Արեւելյան գործընկերության դերը, նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում: Փոխնախարարն ընդգծել է համաձայնագրերի հետագա իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման եւ դրա համար անհրաժեշտ միջոցների հասանելիության կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել է Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների նախաստորագրման հեռանկարին, վիզաների դյուրացման, ԵՄ հետ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում գրանցված առաջընթացին: ԵՄ կողմից կարեւորվել է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը, ինչն ակնկալում է ավելի շատ միջոցների տրամադրում շատ բարեփոխումներ իրականացնող երկրներին: