Հայաստանի գյուղատնտեսության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Գերասիմ Ալավերդյանը մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում հերքել է իր սպասվող պաշտոնանկության լուրերը:

«Ես ամուր, շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա: Համապատասխան ծրագրեր ունեմ, կաշխատեմ»,- ասել է Ալավերդյանը՝ լուրերի մասով էլ նկատելով. «Դրանք հերյուրանքներ են: Իմ կուսակցությունն իմ աշխատանքից գոհ է»:

Դիտարկմանը, թե վարչապետը կառավարության վերջին նիստում նկատողություն էր արել հենց գյուղատնտեսության նախարարին, Գերասիմ Ալավերդյանը պատասխանել է. «Դա աշխատանքային գործընթաց է: Ես էլ իմ աշխատողներին պարգեւատրում եմ, խրախուսում եմ, նկատողություն եմ անում: Կային թերություններ գնումների գործակալության մրցույթների հետ կապված: Որպեսզի նման խնդիրներ չլինեն, ես հայտարարում եմ, որ մրցույթներն անցկացվելու են տեսախցիկների ներքո, լրագորղների մասնակցությամբ»:

Հարցին՝ միթե իր գործընկերները՝ նախկին նախարարներ Գուրգեն Սարգսյանն ու Մհեր Շահգելդյանն ամուր ոտքերի վրա չէին, հանկարծակիի է բերել Ալավերդյանին, եւ նա նշել է. «Իմ ընկերները նույնպես ամուր ոտքերի վրա էին»:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնանկ են արվել Կապի եւ տրանսպորտի ու Արտակարգ իրավիճակների նախարարներ Գուրգեն Սարգսյանն ու Մհեր Շահգելդյանը, որոնց փոխարինել են Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը: