«Վերջին 10 տարիների ընթացքում հսկայական պատմական շինությունների ոչնչացումը եկավ-եկավ ու խտացավ ամառային դահլիճի շուրջը, որը համարվում է մեր լավագույն ճարտարապետական կոթողներից։ Քաղաքները չեն կառուցվում քանդել-սարքելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պետք է քանդվի եւ տեղում վերականգնվի Պողոս-Պետրոս եկեղեցին, ասել է ճարտարապետ Սահրադ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ չի կարելի մի կառույցի գոյությունը պայմանավորել մյուսը քանդելով:

Արտաշատի հոգևոր հովիվ Տեր-Մխիթար Ալոյանը սրան ի պատասխան նշել է, որ իրենք ոչ թե նոր եկեղեցի են ուզում կառուցել, այլ հինը վերականգնել, մոռանալով, սակայն, որ այդ հին եկեղեցուց ոչինչ չի մնացել եւ ըստ էության, նորն է կառուցվելու: «Դուք հիմա բողոքում եք, բայց երբ այն ժամանակ հոգևորականներին հալածում էին, և ոչնչացնում էին եկեղեցիները, ոչ ոք ձայն չէր հանում։ Մի քիչ վիճակներդ լավացել է, հարստացել եք՝ էլ եկեղեցին ձեզ պետք չէ՞»,- հռետորական հարց է տվել նա:

Ճարտարապետ Սահրադյանն այս առնչությամբ ասել է. «Ի՞նչ է, եթե պատմական շենքերը քանդվել են, և 1930-ականներին հոգևորականներին հալածել են, ուրեմն նույն տրամաբանությամբ մե՞նք բռնենք կոմունիստներին գնդակահարենք։ Ո՛չ, մենք քաղաքակրթվել ենք և չպետք է նույն սխալը կրկնենք։ Մենք դեմ ենք եղել բոլոր շինությունների քանդմանը, բայց, ցավոք սրտի, տեղ չի հասել մեր ձայնը։ Տե՛ր-Մխիթար, ցավում եմ ձեր տրամաբանության համար։ Եթե մենք սխալ ենք եղել և թույլ ենք տվել նախորդները քանդելու, ի՞նչ է, ուրեմն շարունակե՞նք այդ սխալը»: