Երբ ծնողները բղավում են երեխաների վրա եւ հայհոյում, դա վերջիններիս վրա ազդում է նույնքան, որքան որ ֆիզիկական բռնության ենթարկվելը` մեծացնելով դեպրեսիայի եւ ագրեսիվ վարքի վտանգը, գրում է The Wall Street Journal-ը:
Այս մասին են վկայում Փիթսբուրգի եւ Միչիգանի համալսարանների գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները:
976 ընտանիքների շրջանում կատարված հարցումները պարզել են, որ այն երեխաները, որոնց վրա 13 տարեկան հասակում ծնողները գոռացել են, ավելի անկարգ վարք են ցուցաբերել հաջորդ տարում, ասված է հոդվածում: Նրանք վիճել են հասակակիցների հետ, վատ են սովորել, ստել ծնողներին եւ ընկճախտի նշաններ դրսեւորել: Նույնը գրանցվել է այն ընտանիքներում, որտեղ ծնողները ծեծում էին երեխաներին:
«Բղավելով չի կարելի դաստիարակել, ընդհակառակը», – եզրակացնում է Փիթսբուրգի համալսարանի կրթության եւ հոգեբանության ամբիոնի դոցենտ, հետազոտության համահեղինակ Մին Տե Վանը:




























