Աբխազիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետի սպանությունը գնահատում է որպես հանրապետության անվտանգության սպառնալիք: Այս մասին ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Աբխազիայի ԱԳՆ-ն կատարվածը որակում է որպես ռուս-աբխազական եղբայրական եւ ռազմավարական հարաբերությունները խափանելուն ուղղված մի արարք, որպես սադրանք` նախատեսված տարբեր, այդ թվում` քաղաքական հետեւանքների համար», - նշված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն նաեւ խոր ցավակցություն է հայտնել Աբխազիայում ՌԴ հյուպատոսության եւ Ռուսաստանի ԱԳՆ-ի գործընկերներին, ինչպես նաեւ զոհվածի հարազատներին ու բարեկամներին:  «Այս սարսափելի հանցագործությունը մտահղացողները եւ իրագործողները Աբխազիայի ժողովրդի եւ մեր երկրի ապագայի թշնամիներն են», — ասված է հայտարարության մեջ:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ  Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը արտակարգ հանդիպում է անցկացրել  ուժային կառույցների եւ գլխավոր դատախազության ղեկավարության հետ` ռուս դիվանագետ Դմիտրի Վիշերնեւի սպանության կապակցությամբ:

Անկվաբը ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել է գործի դնել բոլոր ուժերը` սպանության բացահայտման համար:

Աբխազիայում ՌԴ հյուպատոսության առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնեւը սպանվել է սեպտեմբերի 9-ի  առավոտյան ժ. 08.30-ին ՝ գլխին արձակված կրակոցից, մեքենայով Սուխումի իր տան ավտոտնակից դուրս գալիս: Վիրավոր է նաեւ դիվանագետի կինը, որը գտնվում է հիվանդանոցում: 

Սուխումում սպանվել է ռուսական հյուպատոսության առաջին քարտուղարը