Մաքսային միությանն անդամակցելը կբարդացնի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները: Նման տեսակետ ունի «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ Մաքսյանի միությանը Հայաստանի անդամակցելու հարցում այսօրվա դրությամբ քաղաքական կամք են դրսեւորել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները, ինչը դեռեւս կարող է փոփոխվել: «Վերջնական որոշումը պետք է կայացնի ԱԺ-ն եւ տեսականորեն այն կարող է «ոչ» ասել: Սակայն գործնական առումով լավ գիտենք մեր խորհրդարանը: Կարվի այն, ինչ նրան ասվի»:
Պապյանն ընդգծել է, որ Հայաստանը բացասական նախադեպ է ստեղծել: «Արեւմուտքի քաղաքականությունն այն է, որ եթե որեւէ երկիր լավ հարաբերություններ պահպանի իր հետ, ապա առավելություններ եւ օգնություն կստանա: Ռուսական քաղաքականությունը հետեւյալն է ենթադրում՝ ինձ հետ չլինես, քեզ համար լավ չի լինի: Մենք ստեղծել ենք նախադեպ, որ մեզ վրա ազդում է ոչ թե խրախուսանքը, այլ պատիժը: Այսպիսով, պետք է պատիժ սպասել նաեւ Արեւմուտքի կողմից, քանի որ հասկացել է, որ Հայաստանն իրեն կմիանա միայն այդ դեպքում»,- ընդգծել է նա: Նա հավելել է, որ Մաքսային միությանն անդամակցելը կբարդացնի ԵՄ հետ հարաբերությունները, կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը, կարող է հանգեցնել Ղարաբաղի հարցում հակահայկական որոշումների կայացման եւ այլն:





























