Արդեն երկրորդ անգամ եմ Երեւանում մասնակցում Հայկական լյարդաբանական ասոցիացիայի կազմակերպած լյարդաբանության միջազգային գիտաժողովին եւ տպավորված եմ հայ մասնագետների ներուժով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ճանաչված լյարդաբան, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Ռոբերտ Գիշը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռոբերտ Գիշը մասնակցել է մի շարք երկրների, այդ թվում` Վիետնամի եւ Ֆիլիպինների, վիրուսային եւ ոչ վիրուսային հեպատիտների կանխարգելման եւ բուժման ազգային ծրագրերի մշակմանը, որոնք այսօր ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հաջողությամբ իրականացվում են։ Նա նախարար Դումանյանին իր աջակցությունն է հայտնել Հայաստանում եւ Արցախում եւս նման ծրագիր մշակելու գործում։ Հեպատոլոգների համաշխարհային ասոցիացիայում մեծ հեղինակություն ունեցող մասնագետը հավաստիացրել է, որ սքրինինգային ծրագիրը, որ կընդգրկի ոչ միայն վիրուսային հեպատիտների, այլեւ լյարդի ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ախտահարումների հաղթահարումը, կարժանանա միջազգային կազմակերպությունների աջակցությանը, կգտնվեն նաեւ ֆինանսական ներդրողներ։ Դրա համար կարեւոր նախապայման է, որ Հայաստանը միանա աշխարհի 150 երկրներին, ովքեր հուլիսի 28-ը պետականորեն ընդունում են որպես հեպատիտների դեմ պայքարի միջազգային իրազեկության եւ պայքարի օր։ Կարեւոր է նաեւ հեպատիտով հիվանդների ասոցիացիայի ստեղծումը։
Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել մեծանուն լյարդաբանին Երեւանում լյարդաբանության միջազգային գիտաժողովին մասնակցելու, Հայաստանի եւ Արցախի նկատմամբ մասնագիտական հագացության եւ համագործակցության պատրաստակամության համար։
«Ձեր կողմից հնչեցված բոլոր հարցերը որպես նախարար ինձ վաղուց անհանգստացնում են եւ շատ ուրախ եմ, որ դրանց լուծումը հետաքրքրում է նաեւ Ձեզ։ Ձեր այցը մեծ ոգեւորություն է առաջացրել թե՛ մեր մասնագետների, թե՛ հիվանդների շրջանում։ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ձեր հոգատարությունը մեծ հույս է ներշնչում։ Ուրախ կլինենք, որ Ձեր օժանդակությամբ մենք եւս ունենանք հեպատիտների դիմակայման ազգային ծրագիր։ Նախարարությունը, մեր մասնագետները հենց այսօրվանից կսկսեն աշխատել եւ ամեն ինչ կանեն, որ այն մշակվի, եւ համատեղ ուժերով ձեռնամուխ լինենք միջազգային կառույցների, դոնորների ներգրավմանը»,-ասել է Դերենիկ Դումանյանը։
Հավելենք, որ Ռոբերտ Գիշն այս օրերին հասցրել է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։





























