Ամստերդամում Վինսենթ Վան Գոգի թանգարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել վարպետի մինչ այդ անհայտ «Մայրամուտը Մոնմաժուրում» աշխատանքը: Փորձագետների կարծիքով՝ այն նկարվել է 1888թ.-ին: Սա վերջին 85 տարվա ընթացքում Վան Գոգի առաջին «գաղտնազերված» աշխատանքն է:

Նկարում պատկերված են բենեդիկտյան Մոնմաժուր մենաստանի ավերակները՝ մայր մտնող արեւի ճառագայթների ներքո: Փորձագետների խոսքով, իրենց հաջողվել է նույնականացնել հեղինակին նրա առանձնահատուկ ձեռագրի շնորհիվ, ինչպես նաեւ օգտագործված նյութերի միջոցով: Այս կտավի մասին նախկինում հիշատակվել էր նաեւ Վան Գոգի նամակներում: Նկարը պատկանել է նկարչի եղբորը՝ Թեոյին, իսկ կտավի ետնամասում դրված է հերթական համարանիշը՝ 180: Ստեղծագործությունը վաճառվել էր 1901թ.-ին, սակայն թե ով է այն ձեռք բերել, հայտնի չէ:

Ինչպես հաղորդում է «Vesti.ru»-ն, 20-րդ դարի սկզբին ստեղծագործությունն արդեն բերել են թանգարան, սակայն փորձագետները այն կեղծ են համարել: Նկարը կցուցադրվի սեպտեմբերի 24-ին Ամստերդամում: Այն կներկայացնեն «Վան Գոգն աշխատանքի ժամանակ» ցուցադրության շրջանակներում: