Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում, սեպտեմբերի 8-ին, տեղի է ունեցել «Հայաստանի օր» բարեգործական միջոցառումը, որին մասնակցել են արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերները։ Ելույթներով հանդես են եկել արգենտինահայ համայնքի երգի եւ պարի համույթները, ինչպես նաեւ անհատ երաժիշտ-կատարողներ։

Հիշյալ միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երեւանի «Զատիկ» եւ «Մարի Իզմիրլյան» մանկատների վերանորոգման աշխատանքներին։