Ֆրանսիացի եւ գերմանացի գիտնականների ուսումնասիրող խումբն ապացուցել է, որ մանուկ հասակում հոգեբանական տրավմաներ տարած անձինք ավելի հաճախ են մահանում մինչեւ հիսուն տարեկան  դառնալը:

Ուսումնասիրողները համեմատել են ժամանակից շուտ մահացած 15 հազար մարդու կենսակերպը, ինչպես նաեւ հիվանդության պատմությունները: Ուսումնասիրման արդյունքում նրանք եզրակացրել են, որ այն կանայք, որոնք յոթ, ութ, տասնմեկ եւ տասնվեց տարեկան հասակում  հոգեբանական լուրջ տրավմաներ են ստացել, վաթսուն տոկոսով ավելի հաճախ են մահացել մինչեւ հիսուն տարեկան  դառնալը, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Իսկ եթե մանուկ հասակում հոգեբանական տրավմաները երկուսից ավելի են եղել, վաղաժամ մահվան հավանականություն ավելի է մեծանում՝ հասնելով 80 տոկոսի: Մանուկ հասակում հոգեբանական տրավմա ստացած տղամարդիկ 57 տոկոսով ավելի հաճախ են մահանում մինչեւ հիսուն տարեկան  դառնալը:

Գիտնականները նշում են, որ եթե երեխան ուժեղ սթրես է ապրում, ապա դա ապագայում անդրադառնում է նրա առողջության վրա, օրգանիզմում հորմոնների հավասարակշռվածությունը, ինչպես նաեւ  դիմադրողական համակարգը խախտվում է: Կարեւոր է նաեւ այն, որ մանուկ հասակում հոգեբանական տրավմաներ տարած անձինք առավել հաճախ են ալկոհոլային եւ թմրանյութային կախվածությամբ տառապում: Այդ մարդկանց շրջանում մեծ է նաեւ ինքնասպանությունների թիվը: