Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեին ԵՄ-ն դժգոհ է Մոլդովայի եւ մյուս երկրների ինտեգրման տեմպերից: Այդ մասին հայտնել է Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է MoldNews գործակալությունը:
Ըստ նրա՝ Մոլդովան պետք է «կրկնապատկի ջանքերը», եթե հանրապետությունը ցանկանում է նոյեմբերի վերջին Վիլնյուսում ԵՄ-ի հետ նախաստորագրել «Արեւելյան գործընկերության» պայմանագիրը:
«Մենք ամփոփել ենք գագաթաժողովին պատրաստվելու արդյունքները (Արեւելյան գործընկերության), որը նոյեմբերին տեղի կունենա Վիլնյուսում: Մաքսային միություն ընդգրկվելու վերաբերյալ Հայաստանի կայացրած որոշումը հաշվի առնելով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրել ցանկացող մյուս երկրները պետք է առաջիկա շաբաթների ընթացքում կրկնապատկեն իրենց ջանքերը՝ անհրաժեշտ պահանջները կատարելու համար», - ասել է նա:
Ըստ Սիկորսկիի՝ Վրաստանը եւ Մոլդովան ասոցացման մասին պայմանագիրը նախաստորագրելու համար պետք է շարունակեն դավանել եվրոպական արժեքներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում բանակցությունների արդյունքում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր Մաքսային միություն մտնելու մտադրության եւ հետագայում Եվրասիական տնտեսական ֆորումի ձեւավորմանը մասնակցելու մասին:





























