Ավստրալիայում հսկա կենգուրուն ներխուժել է բնակելի տուն եւ ջարդուփշուր արել գույքը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի ցերեկը Վիկտորիայում: Իր արարքի հետեւանքով կենգուրուն լուրջ վերքեր է ստացել եւ ավելի ուշ քնեցվել է:

Բնակելի շենք ներխուժած կենգուրուն իր ցեղակիցների «հանցախմբի» անդամներից մեկն էր, որոնք ինչ-ինչ  պատճառով  մտել էին բնակելի թաղամաս: Կենդանիներից երեքը տեղավորվել էին Պոլ Ջորջիանիի տան լողավազանում, իսկ չորրորդը տուն էր ներխուժել պատուհանով:

Կենդանին կոտրել էր ապակին, փչացրել վարագույրները, գորգը եւ ցրիվ տվել հյուրասենյակի եւ ննջարանի իրերը: Թե ինչպես է կենգուրուն հայտնվել մարդկանցով բնակեցված տարածքում, հայտնի չէ: Տուն ներխուժած կենդանու ընկերների ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում, հաղորդում է  lenta.ru-ն՝ վկայակոչելով  ABC News-ը:

Հսկա կենգուրուներն ապրում են Ավստրալիայի հարավում եւ արեւելքում: Կենդանու հասակը կարող է գերազանցել երկու մետրը, իսկ քաշը՝ հասնել 80 կգ-ի: