Երկար ազգանվամբ Հավայան կղզիների բնակչուհին՝ Ջենիս «Լոկելանի» Կիեհանայկաուակահիհուկիհիիյֆհաունաելեն, ում ազգանունը բաղկացած է 35 տառից, դիմել է ոստիկանություն, երբ նկատել է, որ վերաթողարկված իր վարորդական իրավունքներում ազգանունը կրճատել են:
Նախորդ վարորդական իրավունքներում ազգանունը կրճատել էին մեկ տառով, քանի որ դրա համար հատկացված տողում տեղավորում էր միայն 34 նիշ:
Ջենիսը խնդիրներ ունեցել է մայիսին, երբ պետք է վերաթողարկել ու նույնականացնել քարտն ու վարորդական իրավունքները, նշում է Daily Mail-ը: Վարորդական իրավունքները տրվել էին Ջենիսին կրկին առանց անվան ու կրճատված ազգանվամբ: Դժգոհ Ջենիսը դիմել էր կառույցին, սակայն ներկայացուցիչները առաջարկել էին ընդամենը նրա ազգանունից մի քանի ավելորդ տառ ջնջել:
Ջենիսի խոսքով՝ նման վերաբերմունքը վիրավորում է նրան ու նրա հանգուցյալ ամուսնուն: «Հասկանում եք, որոշ մարդկանց դեպքում անունն ամեն ինչ ասում է մարդու մասին: Այսպես, եթե ես իմ ազգանունը հայտնեմ որեւէ հավայացի պապիկի, նա իմ ընտանիքի մի քանի սերունդների պատմությունը կիմանա: Եթե ազգանունը փոխում կամ կրճատում են, իմաստն ու նշանակությունը կորում են: Ցավոք, շատերն հիմա չեն կրում իրենց անունները, քանի որ ամաչում են կամ չեն ճանաչում իրենց սեփական մշակույթը»,- խոստովանում է Ջենիսը, հայտնում է NEWSru.com-ը:
Ճանապարհային վարչության մամուլի քարտուղարը, ով ստացել էր Հավայան կղզիների բնակչուհու բողոքը, հաղորդել է, որ այս պահին քննարկվում է քարտի տիրոջ անվան տողի նշանների քանակը հասցնել 40 նիշի:





























