Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երեւանում հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ տիկին Հելգա Շմիդթի հետ եւ քննարկել Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգությանը, Եվրոպական միության հետ համագործակցության հետագա զարգացումներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Բաղդասարյանը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը: Միաժամանակ, նա կարեւորել է Եվրոպական միության հետ երկխոսության շարունակությունը` նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ աջակցությամբ երկրում իրականացված եւ դեռ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, եւ այսուհետ եւս ակնկալում է շարունակական համագործակցություն առանցքային բոլոր ոլորտներում:





























