Լիբիայում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի կողմից բռնված «Ալ Կաիդայի» առաջնորդներից Աբու Անաս ալ Լիբիին տեղափոխել են Նյու Յորքի հիվանդանոց:

Պարզվել է, որ ենթադրյալ ահաբեկիչը հեպատիտ C-ով է տառապում:

Առայժմ չի հաղորդվում, թե ահաբեկչին հիվանդանոց տեղափոխելն ինչպես կազդի  դատավարության ընթացքի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալ Լիբիին բռնելուց երկու օր անց նրա կինը CNN-ի հետ հարցազրույցում հայտնել էր, թե իր ամուսինը մեղավոր չէ իրեն վերագրվող հանցանքներում: Ըստ նրա` ալ Լիբին «Ալ Կաիդայի» շարքերը լքել էր  Քենիայի եւ Տանզանիայի ահաբեկչություններից երկու տարի առաջ:

Ամերիկյան իշխանությունները ալ Լիբիին ցանկանում էին բռնել 13 տարի՝ նրան մեղադրելով 1998թ. Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատների մոտ ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնք 224 մարդու կյանք էին խլել։

ԱՄՆ-ն նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար մինչեւ 5 մլն դոլարի պարգեւ էր խոստանում։

Ալ Լիբիին ամերիկյան սպեցնազը  բռնել էր հոկտեմբերի 5-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներից մեկում, եւ գաղտնի երկրի սահմաններից դուրս բերել։ Դրանից հետո, ըստ ամերիկյան պաշտոնատար անձանց, նրան պահել էին ԱՄՆ-ի ՌԾՈՒ դեսանտային «Սան Անտոնիո» նավում, որը գտնվում է Միջերկրական ծովի արեւելյան մասում։