Ամերիկյան Յուտա նահանգում հայտնաբերել են հսկայական գիշատիչ դինոզավրի դեռեւս անհայտ տեսակի քարացած մնացորդներ: Մնացորդները նախորդ շաբաթ հայտնաբերել են Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի ու Չիկագոյում Ֆիլդի անվան բնական պատմության թանգարանի մի խումբ հետազոտողներ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ոչնչացած կենդանիների այս տեսակը երկրի վրա ապրել է մոտ հարյուր միլիոն տարի առաջ: Նրանց երկարությունը եղել է մոտ տասը մետր, իսկ քաշը՝ մոտ չորս տոննա: Իրենց չափսերով այս դինոզավրերը զիջել են միայն տիրանոզավրերին, սակայն նրանք տարբեր ժամանակաշրջաններում են բնակվել: Այլ կարծիքի համաձայն՝ նրանք միեւնույն ժամանակահատվածում են բնակվել ու կյանքի համար մղվող պայքարում հաղթանակ են տարել տիրանոզավրերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























