Աժ պատգամավոր Մանվել Բադեյանը չի պատրաստվում ներողություն խնդրել «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոսի» նախաձեռնության պահանջով:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մանվել Բադեյանը: «Եթե ինչ-որ մի բան քննադատում են, ուրեմն՝ պետք է ասեն, թե որտեղից իրենք թոշակ ստանան, ոչ մի հարցի չեն պատասխանում, դա նշանակում է իրենք տեղյակ չեն, իսկ անտեղյակությունը անգրագիտության մասնիկն է»,-ասաց նա: Պատգամավորը ծանոթ չէ նախաձեռնության տարածած հայտարարությանը, եւ եթե անգամ նրանք դիմեն Էթիկայի հանձնաժողով, ինքը որեւէ խնդիր չի ունենա: «Իհարկե, որեւէ խնդիր չեմ ունենա»,-ասաց պատգամավորը: Մանվել Բադեյանը նշեց, որ նախաձեռնության անդամները իր հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տվել լրատվամիջոցներում, եւ «լավ կլինի, որ Էթիկայի հանձնաժողով դիմեն, ես գիտեմ, թե ինչ կանեմ»: Այդ դեպքում նա կպահանջի, որ քննություն առնեն նաեւ նրանց վիրավորանքները: Նա շեշտեց, որ ինքը հետ չի կանգնում իր խոսքերից եւ շարունակում է մնալ իր կարծիքին, «եթե իրենք որեւէ առաջարկ չունեն, թե ինչպես պետք է մարդկանց կենսաթոշակների հարցը լուծվի, բացի կուտակային համակարգից, ուրիշ ձեւ չկա, ամեն մարդ ինքը պետք է իր թոշակը աշխատի, իրենք կարծում են՝ ինչ-որ մեկը իրենց պետք է իրենց թոշակ տա, բոլորը իրենց պարտավոր են, իրենք պետք է չաշխատեն, պետք է ստանան նպաստ, պիտի չաշխատեն, չպիտի կուտակեն, պիտի ինչ-որ մեկը իրենց թոշակ տա, ամբողջ հասարակությունը իրենց պարտական է, որ իրենց ապահովի թե նպաստով, թե թոշակով»:
Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարել էր հետեւյալը.«Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է. հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա»: Դրանից հետո նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել եւ Բադեյանից պահանջել ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից եւ այսուհետ լինել հարգալից:





























