Ներկայումս Եգիպտոսն այլեւս չի աջակցում սիրիական ընդդիմությանը, սա առաջինն է, որ զայրացնում է թուրքերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող , թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ անդրադառնալով թուրք-եգիպտական հարաբերությունների լարվածությանը:
«Իհարկե, Թուրքիան դժգոհ է, որ այսօր եգիպտական կառավարությունը նոր գիծ է ընտրել սիրիական հարցում: Սա սկզբունքային հարց է թուրքերի համար, քանի որ Թուրքիան առաջվա պես սիրիացի ընդդիմադիրների կողքին է, իսկ Եգիպտոսը դադարեցրել է օգնությունը, որը տրամադրում էր սիրիական ընդդիության առավել արմատական շրջանակներին»,- նշել է: Փորձագետի խոսքով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին առավել բարկացնում է այն, որ լավ հարաբերություններ էին դասավորվում Մուհամեդ Մուրսիի հետ, իսկ նրան հեռացրեցին իշխանությունից: «Սա զայրացրեց Թուրքիային, ու նա ամբողջությամբ փոխեց իր վերաբերմունքը Եգիպտոսի հանդեպ, իսկ Էրդողանը բացահայտ սկսեց աջակցել եգիպտական ընդդիմությանը»,- ասել է թուրքագետը:
Նա ընդգծել է, որ առաջիկայում հարաբերությունների կարգավորում պետք է սպասել: Ինչպես նշել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, այսպես թե այնպես կողմերը մերձեցման տարբերակներ են որոնում, սակայն երբ դա տեղի կունենա, հայտնի չէ: «Առավել եւս, որ թուրքական կառավարության վարած քաղաքականությունը հարազատ գաղափարաբանական շարժումների աջակցությունն է, որոնք հիմնված են սուննիական մահմեդականության ու դրա արմատական մասի վրա»,- եզրափակել է թուրքագետը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի փոփոխության մասին: Կահիրեում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալիից պահանջել են լքել երկիրը՝ նրան հայտարարելով պերսոնա նոն գրատա: Եգիպտոսի արտգործնախարարությունը այս քայլը պայմանավորում է Թուրքիայի կողմից երկրի ներքին գործերին միջամտելով:




























