Ռուսաստանը խորհուրդ է տվել Ուկրաինային հետաձգել Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը ու բանակցություններ վարել ռուս-ուկրաինական առեւտրական կապերը բարելավելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ չհստակեցնելով, թե ով է խորհուրդը տվել:

Ինչպես հաղորդել է Ազարովը, Ռուսաստանի հետ նշված բանակցությունները կսկվեն դեկտեմբերին: Ընդ որում, «Կորեսպոնդենտի» տեղեկությունների համաձայն, նա նշել է, որ ռուսական կողմի հետ գազի համաձայնագրի վերանայման շուրջ հստակ պայմանավորվածություններ դեռ չկան(ինչին վաղուց ձգտում է Ուկրաինան):  Ազարովը ժխտել է նաեւ այն փաստը, թե իբր Ռուսաստանը վարկեր է խոստացել ԵՄ հետ մերձեցումից հրաժարվելու դիմաց:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ կասեցնում է Եվրամիության հետ ազատ առեւտրի շուրջ ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստումը: Այս որոշումը Ուկրաինան մեկնաբանել է «ազգային ու տնտեսական անվտանգության» շահերով: Միաժամանակ ուկրաինական նախարարությանը հանձնարարվել է «վերականգնել ՌԴ-ի, Մաքսային միության այլ անդամների ու ԱՊՀ անդամ պետությունների հետ ակտիվ երկխոսությունը»: