Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է ու ակտիվորեն մասնակցում է այդ կազմակերպության ծրագրերին՝ միաժամանակ գործընկերային հարաբերություններ զարգացնելով ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին նոյեմբերի 26-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում ՆԱՏՕ բաժնի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ամեն երկիր ինքն է ընտրում անվտանգության համակարգը: «Հայաստանն իր առջեւ նպատակ չի դրել ՆԱՏՕ անդամ դառնալ, սակայն պատրաստ է համագործակցել կազմակերպության հետ: Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հարցերի շրջանակ են սահմանել, որոնց շուրջ ցանկանում են համագործակցել: Լինելով անվտանգության մեկ համակարգի անդամ՝ նրանք համագործակցում են մյուսի հետ»,- նշել է Գագիկ Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ սովորաբար երբ խոսքը ՆԱՏՕ-ի մասին է, ընկալվում է մեկ կառույց: «Սակայն պետք չէ մոռանալ, որ ՆԱՏՕ-ն 28 երկրից բաղկացած կազմակերպություն է, որտեղ որոշումներն ընդունվում են ընդհանուր հայտարարի գալով: Այնտեղ յուրաքանչյուր պետություն ունի իր շահերն ու առաջադրանքները»,- եզրափակել է Գագիկ Հովհաննիսյանը:




























