«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հակընդդեմ ստորագրահավաք է սկսելու Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողների դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ինքը՝ Անի Զախարյանը: 

Նա հիշեցրեց, որ վերջերս հայտարարությամբ է հանդես եկել, որ ստորագրահավաք է սկսելու եւ պահանջելու է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը, եթե կրթական ոլորտում լուրջ բարեփոխումներ չլինեն: «Ամենառեգրես ապրած ոլորտը կրթության ոլորտն է: Իսկ վերջին հանրահավաքում դեմ առ դեմ Սերժ Սարգսյանին դուրս եկա: Գիտեք նաեւ, որ ուսխորհրդի բոլոր ուսանողները սպասարկում են ՀՀԿ-ի շահերը: Այդ աղջկան ես դաս չեմ տվել, ինչպե՞ս նա կարող էր ականատես լինել նման բաների»,- նշեց Անի Զախարյանը՝ հավելելով, որ նման հերյուրանքներ տարածելով քաղաքական հետապնդում են իրականացնում:

«Ես հենց վաղն իմ ուսանողներից ստորագրահավաք եմ կազմակերպելու, որ  իրենց դասախոսը բացի մասնագիտական որակներ քարոզելուց  եւ ուսումնական կրթական ոլորտի նկատմամբ լուրջ վերաբերմունք ցուցաբերելուց, այլ թեմաների շուրջ քարոզ երբեք թույլ չի տվել:

Ինչ վերաբերում է  ազատ սեռական հարաբերություններ քարոզելուն, բացարձակապես նման բան չի եղել: Ընդամեն հայտնի ասուլիսից հետո որոշ ուսանողուհիներ ասում էին, որ իրենք  շատ նորմալ են վերաբերում իմ ասածին: Առանց այն էլ դասապրոցեսը կարճ է ես ինչպե՞ս ինձ թույլ կտամ դասի փոխարեն նման քարոզներով հանդես գալ»,- ասաց Անի Զախարյանը:

Իսկ լաբորատորիայում փակցված օրացույցը (որտեղ իր լուսանկարներն են-խմբ) Զախարյանի խոսքով՝ իր նախկին գեղեցկության սրահի համար արված  2013թ-ի օրացույցն է: «2013թ-ը դեռ ընթացքի մեջ է եւ ես լիարժեք իրավունք ունեմ  իմ  նկարով  օրացույցը փակցնել որտեղ ցանկանամ»,- ասաց Անի Զախարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են սկսում ամբիոնի աշխատակցուհի, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու պահանջով: «Մենք չենք ցանկանում, որ մեր ֆակուլտետն ունենա նման աշխատակից: Ինքը հանդես է եկել կոչերով, որոնց հետ մենք համաձայն չենք: Վերջերս նաեւ քաղաքական թռուցիկներ է բաժանել ֆակուլտետում: Մենք ամաչում ենք, որ նման մարդ է աշխատում մեր ֆակուլտետում: Դրա համար ստորագրահավաք ենք անցկացնելու, որով ցույց կտանք, որ իր հայտարարությունների հետ համաձայն չենք»,- NEWS.am-ին ասել էր ֆակուլտետի ՈւԽ նախագահ Աստղիկ Աբրահամյանը:

Ուսանողներից մեկն էլ, որը չէր ցանկացել ներկայանալ պատմել էր, որ իրեն դասավանդում է Անի Զախարյանը, որը  դասապրոցեսի ժամանակ աղջիկներին ազատ սեռական հարաբերություններ է քարոզում: «Գալիս նստում է մեր աղջիկների կողքին ու սկսում է համոզել: Բայց դե ոչ մեկն էլ իրեն չի լսում: Ինքը շիզոֆրենիայով է հիվանդ»,- ասել էր երիտասարդը: Ասածն ապացուցելու համար նա NEWS.am-ին ուղեկցել էր լաբորատորիա եւ ցույց տվեց Անի Զախարյանի գրասեղանի վերեւում փակցված՝ նրա լուսանկարով օրացույցը: