Հանրապետական ծննդատուն տեղափոխված Կոնդի բնակչուհի 24-ամյա  Սեդա Եղիկյանը երեկ՝ դեկտեմբերի 2-ին, լքել է հիվանդանոցը: «Պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»  ՓԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սեդա Եղիկյանը իրենց մոտ ընդունվել է նոյեմբերի 30-ին  որպես 35 շաբաթական հղիություն: Նրա մոտ առկա էր սննդային թունավորում՝ գաստրիտ: «Բերել են այստեղ, այդ երեւույթները անցել է, նկարել ենք, նայել ենք, պտուղը նորմալ էր,՝ 2 կգ քաշով կենդանի երեխա, երկու օր բուժում է ստացել, երեկ գրել է, որ ես ինձ լավ եմ զգում, տեղյակ եմ, որ սննդային թունավորում է իմ մոտ, զգուշացված եմ բոլոր վտանգների մասին, բայց հրաժարվում  եմ ստացիոնար բուժումից՝ սուղ հնարավորությունների պատճառով»,- փոխանցեց Ռազմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ այսօր իրենց բժիշկը զանգահարել է այդ հղի կնոջը եւ տեղեկացել նրա վիճակի մասին: Սեդա Եղիկյանն հայտնել է, որ իր վիճակը լավ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում նոյեմբերի 30-ին, ժամը 23.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել Կոնդի բնակիչ 24-ամյա Ս. Ե.-ն: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: