Դեկտեմբերի 2-ի առավոտյան ժամը 6:00-ի սահմանում նախագահական նստավայրի դիմացից Էջմիածնի ոստիկանություն բերման ենթարկված Խուդոյաններն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, զանգահարել են ոստիկանություն և հաղորդում տվել, որ ոստիկաններն իրենց բռնի ուժով առևանգել են Բաղրամյան 26-ից, Աշոտ Խուդոյանին ապօրինի պահել են ոստիկանությունում, իսկ մորն ու երեխաներին՝ տնային կալանքի տակ:
«Ամբողջ գիշեր իրենք հսկում էին մեզ, երևի կարգադրություն ունեին մինչև վեցը մեզ տանել: Աշոտը քնած էր, տեսան՝ 6-ը մոտենում էր, եկան բռնի ուժով մցրին ավտոն: Ոտաբոբիկ ենք եկել տուն: Հիմա կոշիկ էլ չունենք, որ հագնենք դուրս գանք, գնանք հաց առնենք: Փող էլ չունեինք: Մեր իրերը իրենք գողացել են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը:
Հեղինեի պատմելով՝ երեկ ամբողջ օրը Աշոտ Խուդոյանին ապօրինի են պահել ոստիկանությունում, իսկ ոստիկաններն իրենց տնից չեն հեռացել. «Եկել նստել, ծաղրանքով ասում են՝ կոֆե դիր, էս արա, էն արա: Ասում եմ՝ դուք ինչ իրավունքով եք տենց խոսում հետս, ասում են՝ քո հետ քո ամուսնու գողական լեզվով»:
Երեխաներին թողնելով ոստիկանների մոտ՝ Հեղինեն գնացել է հարևանի տուն, ու ոստիկաններին ասել, որ մինչեւ ամուսնուն ազատ չարձակեն, տուն չի վերադառնա։ Աշոտ Խուդոյանը տուն է վերադարձել, իսկ ոստիկանական մեքենան հեռացել է տնից: Այժմ Խուդոյանները պահանջում եմ, որ ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:





























