Այսօր՝ դեկտեմբերի 3-ին կալանավորվել է Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, ով հետախուզվում էր դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ Գեղամ Գրիգորյանը ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մի շարք աշխատակիցների: ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին եւ մի շարք աշխատակիցների: