Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում, դեկտեմբերի 6-ին, կկայանա ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների մասին պատմող «Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, իսկ գրքի հեղինակը Ուսանողական խորհրդի «էկոնամ plus» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանն է: «Մարտական հաշվարկ» գիրքը նվիրված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ նախկին Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի զոհված ուսանող-ազատամարտիկներին, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին, կիսատ թողնելով ուսումը, միացան ազգային ազատագրական պատերազմին:
Գրքում ներկայացվում է Ժողինստիուտի զոհված բոլոր 13 ուսանող-ազատամարտիկների կյանքն ու անցած փառավոր մարտական ուղին: Գիրքը բաղկացած է 168 էջից եւ պարունակում է 150-ից ավելի լուսանկարներ եւ փաստաթղթեր: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ներկայացված փաստերի, հուշերի եւ լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ:
Մարտական հաշվարկ գրքի շնորհանդեսին ներկա կլինեն զոհված ազատամարտիկների ծնողներ, մարտական ընկերներ ու հարազատներ: Ներկա կլինեն նաեւ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար անձիք եւ այլ պատվավոր հյուրեր:
Շնորհանդեսի շրջանակներում նախատեսվում է նաեւ պարգեւատրման արարողություն եւ ազատամարտիկների մեծարման միջոցառում:





























