Անհրաժեշտ է վերականգնել ԼՂ հարցով ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից հաստատված, ապա 1994-ին Բուդապեշտի գագաթաժողովում հաստատված բանակցությունների ձեւաչափը. Խոսքը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին է: Այս մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ-ում անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
Ստորեւ ներկայացնում են Աշոտ Ղուլյանի ելույթը.
«Մի քանի օր առաջ, ԱՄՆ արեւմտյան ափի ամենամեծ ու հայաշատ քաղաքում՝ Լոս-Անջելեսում, տեղի ունեցավ համահայկական 16-րդ հեռուստամարաթոնը, որն աշխարհասփյուռ հայությանը հերթական անգամ միավորեց Արցախին ու Հայաստանին նվիրված ծրագրերի իրականացման գաղափարի ներքո:
Իսկ անցյալ տարվա կեսերից էլ ամերիկյան Ռոդ-Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն նահանգների խորհրդարանները իրենց ընդունած բանաձեւերով ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ կոչ արել դաշնային իշխանություններին սատարել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ ժողովրդավար անկախությանը:
Այսօր էլ ԱՄՆ Կոնգրեսում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորագույն տարեգրության մեջ ամենահիշարժան իրադարձություններից մեկը՝ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրը:
Ինձ համար բարձր պատիվ է հերթական անգամ ներկա գտնվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված միջոցառմանը: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել կազմակերպիչներին` Կոնգրեսի հայկական հարցերով խմբին եւ նրան աջակցած կառույցներին՝ Հայաստանի դեսպանությանը, Արցախի գրասենյակին, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին եւ Ամերիկայի Հայկական համագումարին:
Մի քանի օր անց լրանում է 22 տարին այն օրերի, երբ իմ հայրենակիցները Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված ծանրագույն իրավիճակում կատարեցին վճռական ընտրություն եւ համաժողովրդական հանրաքվեի միջոցով իրենց հաստատուն «այո»-ն ասացին արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը:
Դրանից երեք տարի առաջ՝ 1988թ. փետրվարին, արցախահայությունը, առաջինը խորհրդային իրականության մեջ, ազատության դրոշ էր բարձրացրել եւ պայքարի ելել իր իրավունքների համար:
Ի դեպ, Ստեփանակերտում, այնուհետեւ Երեւանում եւ Սփյուռքի բոլոր հայտնի կենտրոններում ծավալված այդ իրադարձություններից անցել է 25 տարի, մի ամբողջ քառորդ դար:
Դա միանգամայն գիտակցված որոշում էր: Համաշխարհային քաղաքականության թատերաբեմից հեռանում էր մի կայսրություն, որի կազմավորման առաջին տարիներին Արցախի հարցը լուծվել էր կամայականորեն, եւ հայկական մարզը հայտնվել էր նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Անցյալ դարի վերջերին պատմությունը մեզ բացառիկ հնարավորություն էր ընձեռել, որպեսզի վերականգնենք ոտնահարված արդարությունը: Եվ մենք միանգամայն օրինապատշաճ ձեւով օգտագործեցինք այն:
Ես հարգելի ներկաների ուշադրությունը չեմ ծանրաբեռնի հետագա իրադարձությունների մասին ծավալուն հիշատակումներով: Կբավարարվեմ ̀ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական եւ բնական վճռին Ադրբեջանը պատասխանեց նրա դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմով: Եվ իբրեւ թիրախ ընտրվեց խաղաղ բնակչությունը:
Պատերազմի հետեւանքները հայտնի են, դա այսօրվա փաստացի իրավիճակն է: Անցած երկու տասնամյակներն արցախահայության համար եղել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների վերացման, տնտեսության եւ ենթակառուցվածքների վերականգնման, պետական կառավարման եւ հանրային կյանքի ժողովրդավարացման, սոցիալական, հոգեւոր-մշակութային վերազարթոնքի տարիներ:
Երբ մենք խոսում ենք պատերազմի հետեւանքների վերացման մասին, չենք կարող չհիշատակել ԱՄՆ ու նրա ժողովրդի կողմից 1998թ-ից Արցախին ցուցաբերվող օգնությունը: Ամեն տարի ամերիկյան Կոնգրեսի կողմից հատկացվում են միջոցներ, որոնք ուղղվում են ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետեւանքների վերացմանը: Այդ օժանդակությունը, որի հատկացման գործում մեծ դեր ունեն մեր բարեկամները Կոնգրեսում՝ թույլ է տալիս լուծում գտնել բազմաթիվ ծրագրերի ու հրատապ հարցերի համար: Բայց անելիքներ դեռ շատ կան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քաջատեղյակ է այդ օգնության մասին եւ խորապես շնորհակալ է դրա համար:
Հարգելի ներկաներ,
Մեր հանրապետության անցած ճանապարհի յուրահատուկ ամփոփում պետք է համարել 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Դա ազատ եւ ինքնիշխան ապրելու իմ ժողովրդի կամքի եւս մի արտահայտություն է` արդեն սահմանադրական ձեւակերպումների տեսքով, որն անշրջելի է դարձրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` իբրեւ անկախ պետության, գոյության փաստը:
Արցախի նորագույն տարեգրության մեջ այս երկու հիշարժան իրադարձությունների օրացույցային զուգադիպությունը պատահական չէր այն իմաստով, որ դրանք նույն ճանապարհի երկու կարեւոր հանգրվաններն են: Ու եթե 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած անկախության հանրաքվեն ցուցադրեց արցախցու հավաքական կամարտահայտությունը՝ իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հարցում, ապա ուղիղ տասնհինգ տարի անց՝ 2006թ. նույն դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեն եկավ վերահաստատելու այդ կամքի անսասանությունը:
Իսկ այդ ամենի հիմքում նույն շարժառիթն էր. մարդու եւ, որպես մեկ առանձին հանրության, Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության ապահովումը՝ գործող միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան:
Մենք, իհարկե, սահմանադրական նոր սկզբունքներ եւ մեխանիզմներ չենք հայտնագործել: Փորձել ենք հաջողությամբ օգտվել համաշխարհային փորձից, այդ թվում եւ`ամերիկյան, իհարկե, հիմնվելով համամարդկային-ժողովրդավարական արժեքների հանդեպ մեր ժողովրդի պատմականորեն ունեցած ընկալունակության վրա:
Առանց չափազանցության կարելի է ասել, որ բացառիկ են մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները. գտնվելով Ադրբեջանի կողմից վերստին ագրեսիայի ենթարկվելու մշտական վտանգի տակ̀ մենք, այնուամենայնիվ, հանդգնել ենք վերափոխել պետական կառավարման համակարգը, այն դարձրել ոչ միայն ամբողջությամբ քաղաքացիական, այլեւ ժողովրդավարական՝ հաղթահարելով չճանաչվածության եւ շրջափակման հետեւանքով առկա դժվարությունները:
1988թ-ից ի վեր Արցախի հայ ժողովուրդը մերժում է մի ժողովրդի գերիշխանությունը մյուսի նկատմամբ: Մենք դեմ ենք ոչ թե ադրբեջանական ժողովրդի̀ անկախ պետություն ունենալու իրավունքին, այլ ադրբեջանական պետության նկրտումերին՝ գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա ժողովրդի նկատմամբ:
Երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 19-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ողջունել է երկամյա ընդմիջումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղղակի երկխոսության վերսկսման իրողությունը: Մենք բարձր ենք գնահատում այս առումով ԱՄՆ իշխանությունների եւ, մասնավորապես, պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացին թափ հաղորդելու ջանքերը:
Մենք մշտապես ասել ենք եւ շարունակում ենք պնդել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով սահմանված, իսկ այնուհետեւ կազմակերպության 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում վերհաստատված ձեւաչափը: Խոսքը Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի, բանակցային գործընթաց վերադառնալու մասին է, ինչին խոչընդոտում է Ադրբեջանը:
Այս իրավիճակի ընկալման նրբությունը կայանում է նրանում, որ բանակցությունների բուն առարկան ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի, այլ` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավահարաբերություններն են:
Չի եղել, չկա եւ չի կարող լինել վերացական կարգավորում: Ոչ թե տեսական մշակումներն են տանում դեպի փոխըմբռնում եւ վերջնական համաձայնություն, այլ` այդ ուղղությամբ արված գործնական քայլերը: Մինսկի խմբի եւ, առաջին հերթին, Ամերկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության ու Ֆրանսիական Հանրապետության՝ որպես համանախագահ երկրների, ներկայացուցիչները բազմաթիվ անգամ նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Եվ այդ արձանագրումը մեր կողմից ընդունվել է միանշանակ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որի ղեկավարության կողմից պարբերաբար, իսկ վերջերս՝ ավելի հաճախակի, հնչում են սպառնալիքներ՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկության մասին:
Վերջին 25 տարիները մեզ շատ բան են սովորեցրել. Սովորեցրել են նաեւ՝ թույլ չտալ որեւէ ոտնձգություն մեր ժողովրդի դեմ եւ մեր երկրի անվտանգությանը: Մենք միշտ ասել ենք ու կրկին հաստատում ենք. Արցախի անվտանգությունը սակարկության ենթակա չէ եւ մենք այսօր առավել, քան 25 տարի առաջ, պատրաստ ենք պաշտպանելու մեր անկախությունն ու ազատությունը: Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն լիարժեք ձեւաչափով եւ քաղաքակիրթ, կառուցողական բանակցությունների միջոցով:
Այս ամենը ոչ միայն Արցախում բնակվողների, այլեւ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերի հավաքական տեսակետն ու ցանկությունն է: Եվ մենք պետք է ճիշտ արժեվորենք այն խորհրդանշականությունը, որ միմյանց տվել են Արցախն ու Սփյուռքը: Ղարաբաղյան շարժման էական արդյունքներից մեկը պետք է համարել այն, որ Արցախը նոր լիցք է հաղորդել Սփյուռքին, իսկ Սփյուռքն էլ իր հերթին անմնացորդ նվիրումով է լծվել Հայրենիքի պաշտպանության ու շենացման գործին: Միասնության հենց այս բանաձեւն է լինելու մեր հետագա հաջողությունների գրավականը:
2014թ. մայիսին լրանում է Զինադադարի հաստատման 20 տարին: Երկու տասնամյակ խաղաղությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Կարծում եմ, սա լավագույն վկայությունն է այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարեւոր դերակատարություն ունի Հարավային Կովկասում խաղաղության պահպանման գործում: Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործում, չեն կարող անտեսել այս իրողությունը:
Մենք ողջունում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները Ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերել եւ ցուցաբերում են կոնսենսուսային դիրքորոշում եւ համաձայնեցնում են իրենց բոլոր քայլերը: Բայց եւ ակնկալում ենք փոխըմբռնում եւ միջնորդական ջանքերի ակտիվացում՝ ուղղված Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կասեցմանը:
Բարեկամներ,
Ուզում եմ խոսքս ավարտել հարգանքի տուրք մատուցելով ԱՄՆ մեծագույն զավակներից մեկի՝ Ջոն Ֆիջերալդ Քեննեդիի հիշատակին, մի գործչի, ում եղերական վախճանի 50-րդ տարելիցը լրացել է հաշված օրեր առաջ: Փոքր ինչ վերափոխելով ԱՄՆ 35-րդ նախագահի խոսքերը պաշտոնամուտի նրա հայտնի ելույթից, ուզում եմ նրա ոգով հիշեցնել մեր ընդդիմախոսներին, որ անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ շարունակել խաղաղության որոնումները հանուն մեր ժողովուրդների, քանի դեռ կողմերի կուտակած զինանոցների կործանարար ներուժը վերստին աղետի առջեւ չի կանգնեցրել:
Շնորհակալություն եւ խաղաղություն բոլորիդ»:





























