Հանրապետական կուսակցությունը, եթե հայհոյում է, մինչեւ վերջ է հայհոյում եւ բացեիբաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե ՀՀԿ-ականների շրջանում նոր «քֆուր» կա՝ «ՕԵԿ լինեմ, թե խաբում եմ...»
Նրա կարծիքով՝ «այդ ամենը զակազ է, պարզապես ղզիկ արտահայտություն է, որովհետեւ Հանրապետականը, եթե հայհոյում է, մինչեւ վերջ է հայհոյում եւ բացեիբաց»: «Իսկ հիմա մենք ՕԵԿ-ի հետ հայհոյում ենք մյուսներին, ովքեր փորձում են մեզ հայհոյել: Մենք կոալիցիայի անդամ կուսակցություններ ենք, եւ բավականին լուրջ փոխհարաբերություններ ունենք թե քաղաքական իմաստով, թե նաեւ ընկերական, առօրյա կյանքում, այնպես որ փորձում են ելքեր գտնել, ինտրիգներ սարքել, ինչը ձախողված է, համենայն դեպս առաջիկայում կպատժվեն նրանք, ովքեր որ պատվիրել են»,- ասաց նա:
Իսկ թե կոնկրետ ովքեր են պատվիրատուները, Գալուստ Սահակյանն անուններ չհրապարակեց՝ հավելելով, որ իրենք երբեք անուններ չեն հրապարակում, այլ ընդամենը պատժում են, «որովհետեւ անհեթեթություն է, առավել եւս ղզիկի հոգեբանություն է եւ տերմինոլոգիան ընտրել են հենց այդպես, ի՞նչ է նշանակում անհեթեթ, ոչինչ չասող արտահայտություններով փորձ են կատարել սեպեր խրել, բայց առաջիկայում այդ սեպերը ռեկաշետով կգնա իրենց կողմը եւ շատ շուտով»:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ Հանրապետականների եւ մասնավորապես հանրապետական պատգամավորների լեքսիկոնում վերջին շրջանում նոր եւ խիստ ուշագրավ մի հայհոյանք է տեղ գտել, որը գնալով ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում վերջիններիս շրջանում։ «ՕԵԿ ըլնեյ, թե խաբում եմ». «Ով արեց, ՕԵԿ է». «Ով գրեց, ՕԵԿ է», ահա այսպիսի վարիացիաներով հայհոյանքներ են տալիս իշխող մեծաւմասնության ներկայացուցիչները։ Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», իհարկե, տեղյակ է, որ իր գործընկերների շրջանում առանձնակի հարգանք չի վայելում, բայց որ իր անունը գործածվում է որպես հայհոյանք, թերեւս չի էլ կասկածում։
«Նշենք, որ քաղաքական սույն մոդեռն հայհոյանքը լայն տարածում ունի հատկապես երիտասարդ հանրապետականների շրջանում։ Այն իր կիրառումն է ստացել դեռեւս 2008-ից սկսած։ Բայց եթե այն ժամանակ հատուկենտ ՀՀԿ-ական գործիչներ էին դիմում դրան, այժմ այն իր հաստատուն տեղն ունի քաղաքական ոչ հրապարակային լեքսիկոնում»,–գրում է թերթը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























