ԱՄՆ-ում գործող «Հայկական ուժ» հանցավոր խմբի գործով մասնակից Կարո Երկանյանի փաստաբանը խնդրում էՔալիֆորնիական դաշնային դատարանին(ԱՄՆ) իր պաշտպանյալին, ում սպառնում է 100 տարվա ազատազրկում, պատժի միջոց սահմանել ութ տարվա ազատազրկում, ասվում է պաշտպանության միջնորդության մեջ: Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ «Հայկական ուժ» խմբավորումը, որի անդամները հիմնականում Հայաստանի եւ ԽՍՀՄ նախկին անդամ պետությունների ներկայացուցիչներ են, հիմնվել է Լոս-Անջելեսում 1980-ական թթ.-ին: Ենթադրաբար խումբն ունեցել է 250 անդամ՝ չհաշված բազմաթիվ հանցակիցներին, ովքեր փաստացի խմբավորման անդամ չեն հանդիսանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից հաղորդեցին, որ ընդհանուր առմամբ 59 մարդ, այդ թվում նաեւ Երկանյանը, մասնակցել է խմբավորման գործունեությանը, ճանաչել են իրենց ներկայացվող մեղադրանքները, այդ թվում կողոպուտների, սպանությունների, առեւանգումների, դրամաշորթության, ավազակության, թմրավաճառության ու զենքի անօրինական շրջանառության համար:

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները 2011թ.-ին լայնածավալ գործողություն են անցկացրել, որի արդյունքում տասնյակ մարդկանց էին ձերբակալել: Ընդհանուր առմամբ մեղադրյալ աթոռին հայտնվեց 70 հոգի, մեղադրական եզրակացությունը բաղկացած էր 140 կետից:

Երկանյանի փաստաբանը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով իր պաշտպանյալի համար պատիժ սահմանել ութ տարի ազատազրկում, եւ հինգ տարի խիստ վերահսկողություն ազատ արձակումից հետո: Իր միջնորդության  մեջ պաշտպանը խնդրում է դատարանին ընդունել այսպես կոչված կողմերի պարտավորեցնող համաձայնություն մեղքի ճանաչման վերաբերյալ ու հաշվի առնել ԱՄՆ-ում պայմանականորեն ազատ արձակվածների հսկողության ծառայության եզրակացությունները, որով խորհուրդ են տալիս Երկանյանին պատիժ նշանակել ութ տարվա ազատազրկում:

Նա նշել է, որ պաշտպանյալը նախկինում միայն մեկ անգամ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման մարմնական վնասներ հասցնելու համար, ինչպես նաեւ այն, որ մինչ այս պահը գործով ամենախիստ պատիժ սահմանվել է մասնակից անձանցից մեկին՝ 6 տարի 4 ամսվա ազատազրկման տեսքով: