Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել պարոն Ռուքեի եւ նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր եւ հետեւողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում եւ թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած երկու տասնամյակները նշանավորվել են բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ, մասնավորապես՝ քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ կապերի, Հայաստանի եւ Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջեւ սերտ գործընկերային կապերի, տնտեսական, ինչպես նաեւ մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում:
Հանրապետության նախագահը եւ ֆրանսիացի խորհրդարանականները համակարծիք են եղել, որ միջխորհրդարանական համագործակցությունը բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչն է, որը կարեւոր դերակատարություն ունի երկու պետությունների փոխհարաբերություններում:
Սերժ Սարգսյանը ուրախությամբ է ողջունել Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած տիկին Բուայեին, ով մինչ այս քանիցս այցելել է Հայաստան եւ Արցախ:
Նախագահը կարեւորել է այն փաստը, որ ֆրանսիացի խորհրդարանականները՝ սենատորները եւ պատգամավորները, Հայաստան այցերի ընթացքում այցելում են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, նախագահի համոզմամբ, լավ առիթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ս.թ. մարտին «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի ստեղծումը:
Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների շուրջ եւս:































