Հնդկաստան պաշտոնական այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու իր տիկինը եւ  ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները այցելել են Ռաջգաթ, որտեղ ծաղկեպսակ դրել Մահաթմա Գանդիի հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Հնդկաստանի խորհրդարան, որտեղ ԱԺ պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Ժողովրդական պալատի նախագահ  Մեյրա Կումարի հետ:

Մեյրա Կումարը համոզմունք է հայտնել, որ ԱԺ նախագահի այցը էլ ավելի կխթանի երկկողմ քաղաքական եւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: «Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի ոչ միայն երկու երկրների  քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, այլեւ նոր լիցք կհաղորդի առեւտրատնտեսական կապերին, որտեղ չօգտագործված մեծ ներուժ կա»,- ասել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահը: Նա անհրաժեշտ է համարել փոխգործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Նա վստահություն է հայտնել, որ հնդկական ձեռնարկությունները եւ հնդիկ գործարարները հետաքրքրված  են ներդրումներ կատարելու Հայաստանում: Տիկին Կումարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում աջակցության եւ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ հարաբերությունները: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցությունը, որը գտնվում է բարձր մակարդակի վրա, երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից մեկն է: Կումարը հավաստիացրել է Աբրահամյանին, որ Հնդկաստանի խորհրդարանում առաջիկայում նույնպես կստեղծվի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խումբ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ նշեց, որ այդ առիթով ակնկալում է Հնդկաստանի խորհրդարանի գնահատականը:  Ժողովրդական պալատի նախագահը նշեց, որ այդ հարցը շատ զգայուն հարց է, սակայն Հնդկաստանի խորհրդարանը միշտ իր վերաբերմունքն արտահայտում է մարդկության դեմ ոճրագործությունների նկատմամբ: Նա վստահեցրեց, որ քաղաքական խորհրդակցություններ եւ քննարկումներ կանցկացնի իր գործընկերների հետ ` համոզմունք հայտնելով , որ Հնդկաստանի խորհրդարանը կարձագանքի:

ԱԺ նախագահը տիկին Կումարին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները շրջայց են կատարել խորհրդարանի շենքում, այցելեցին խորհրդարանի թանգարան: