Բարաք եւ Միշել Օբամաները կմեկնեն ՀԱՀ հրաժեշտ տալու Նելսոն Մանդելային: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

«Նախագահ Օբաման եւ երկրի առաջին տիկինը հաջորդ շաբաթ կմեկնեն ՀԱՀ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Նելսոն Մանդելայի հիշատակին ու մասնակցեն հուղարկավորությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հարավաֆրկյան հանրապետության նախկին ղեկավարի վախճանի կապակցությամբ հանդես գալով Սպիտակ տանը՝ Օբաման հայտարարել է, որ Նելսոն Մանդելայի կյանքն օրինակ կծառայի ողջ աշխարհում քաղաքական գործիչների բազմաթիվ սերունդների եւ հասարակ մարդկանց համար, ում համար թանկ են ժողովրդավարության ու ազատության գաղափարները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մանդելան վերջին ամիսներին ծանր հիվանդ էր:Նա վախճանվել է Յոհանեսբուրգի իր տանը 95 տարեկան հասակում: Մարդու իրավունքների համար պայքարող իր դժվարին կյանքն ապրել է արժանապատվորեն: Նա «զոհաբերել է սեփական ազատությունը հանուն այլ մարդկանց ազատության», նշել է ամերիկացի առաջնորդը՝ հիշեցնելով ապարտեիդի ժամանակահատվածում Մանդելայի 27 տարի տեւած ազատազրկման մասին: